«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը սկսում է Արցախը Հայաստանի կազմում մարզի կարգավիճակով ներառելու գործընթաց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։
«Պետք է սկիզբը դրվի Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիներին ՀՀ-ում ընտրության, հանրաքվեներին, համապետական ձևաչափերով նրանց կամքը արտահայտելու գործընթացներին մասնակցության ապահովման հարցը», – հայտարարեց Ավետիսյանը։
Այս կուսակցությունը այդ գործընթացը սկսում է Արցախում նույն կուսակցության ստորաբաժանման միջոցով։
Հարցին, թե ինչ է կարծում՝ արդյոք արցախցիները, որոնք ստացել են անկախություն, համաձայն են, որ ապրեն Հայաստանի մարզի կարգավիճակ ունեցող տարածքում, կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Այս գաղափարը բացարձակ մեծամասնությունը կիսում է, և վստահ եմ, որ բոլորի սրտով է այս գործընթացը, որը սկսում ենք»։
Սեֆիլյանի խոսքով՝ Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու մասին որոշումը պետք է վերապահել 2020-ին ձևավորվելիք իշխանություններին, իսկ իրականացման գործիքակազմը կորոշեն իրենք։
«Այս հարցում պետք է աճապարել, եթե ոչ, բոլորս նկատում ենք վերջին աշխարհաքաղաքական զարգացումների արագացումը և ինչպիսի վտանգ է կախված մեր երկրի վրա, մասնավորապես, Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը։ Մենք օր առաջ այդ վտանգը պետք է կանխենք», – հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։
Նա հույս հայտնեց, որ հայաստանյան իշխանությունը կաջակցի այս գործընթացին։
Պարզաբանելով «աբխազացման վտանգի մասին» իր բնորոշումը՝ Սեֆիլյանն ասաց, որ ամեն ինչ հստակ է՝ Ռուսաստանի ազդեցության սպառնալիքը կախված է Արցախի գլխին։ Այդ դիրքորոշմանը Սեֆիլյանն եկել է՝ հետևելով վերջին զարգացումներին։
«Առաջիկա օրերին մենք փակագծերը կբացենք, բայց նորից եմ ասում․ հետևելով այս օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, պետք է արագացնել գործընթացը», – հավելեց Սեֆիլյանը։