fbpx
Կրթություն

Սեպտեմբերից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր. պայուսակները թեթևանում են

Դպրոցական պայուսակների թեթևացման հայտարարված քաղաքականության շրջանակում նոր ուսումնական տարում մի շարք դասագրքեր լինելու են երկու հատորով:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր. մասնավորապես, Մայրենի լեզու՝ երկրորդ դասարան, Մաթեմատիկա՝ երկրորդ դասարան, Ռուսաց լեզու՝ երրորդ դասարան, Մայրենի լեզու՝ չորրորդ դասարան, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն՝ չորրորդ դասարան և այլն: Բոլոր դասարաններում կան վերանայված դասագրքեր:

«Այն դասագրքերը, որոնց վերահրատարակման ժամկետը լրացել է, որոշում կայացվեց բաժանել երկու մասի: Արդյունքում՝ դասագրքերի քաշը կթեթևանա, և երեխաները ստիպված չեն լինի ծանր դասագրքեր տանել դպրոց: Նախկինում այդ առումով շատ բողոքներ ենք ստացել, և հիմա խնդիրը փուլ առ փուլ լուծում է ստանում»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ դասագրքերը երկու մասի բաժանելը մեխանիկական բնույթ չի կրում: Բաժանելուց առաջ հարցը քննարկվել է հրատարակիչների, հեղինակների հետ: Դասագրքի վերջում առկա ցանկը, պատասխանները, հավելվածները պահպանվելու են երկու հատորի դեպքում: Բուն դասագրքերի բովանդակության մեջ փոփոխություններ չեն եղել, դրանք որակական առումով չեն տուժել:

Աշոտ Արշակյանը նշեց, որ այդ 48 անունը ոչ բոլոր դասագրքերն են: Կան դասագրքեր, որոնց վերահրատարակման ժամկետները դեռ չեն լրացել: Տարրական դպրոցում նրանց գործածությունը 3 տարի է, իսկ 5-ից բարձր դասարաններում հինգ տարի է:

Այս մասին հայտնում է Արմենպրեսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ