fbpx
Մշակույթ

Սեպտեմբերի 1-ից կմեկնարկեն մանսուրյանական օրերը

Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հիշեցնենք,որ սեպտեմբերի 1-13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում տեղի կունենան մանսուրյանական օրեր: Համերգաշարը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին՝ Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այնտեղ կհնչի մաեստրոյի կինոերաժշտությունը՝ սիմֆոնիկ նվագախմբի համար նոր գործիքավորմամբ:

Եվս երեք համերգ՝ սեպտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին, կկայանա Երևանում՝ ընդգրկելով Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները, կոնցերտները, բալետային ու կինոերաժշտությունը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համերգաշարին ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ «Մաեստրո Մանսուրյան-80» ծրագրի շրջանակում ստեղծագործությունները կմատուցվեն նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ:

«Երաժշտությունը նորովի կներկայացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին ժամը 20:00-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Տեխնիկապես բավականին բարդ համերգ է լինելու, ինչին շատ երկար ենք պատրաստվել»,- ասաց Մարությանը և հավելեց, որ տեխնիկան արդեն իսկ ուղարկվել է Արցախ, որտեղ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ մաեստրոն դեռ երկար տարիներ շարունակելու է զարմացնել իր հանդիսատեսին:

«Ծրագրին մաղթում եմ լավ ընթացք և կարծում եմ, որ այս համերգաշարն ամփոփելու ժամանակ կարձանագրենք, որ 2019 թվականի մշակութային կյանքում այս իրադարձությունը մեծ նշանակություն է ունեցել»,- նշեց Հարությունյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին, Արայիկ Հարությունյանին այս համերգաշարն իրականացնելու համար:

«Այս միջոցառումների շարքը ներկայացնում է մեր իշխանությունների ուշադրությունը երաժշտության նկատմամբ»,- շեշտեց Մանսուրյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավորդիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իր համար երջանկություն է մաեստրոյի հետ աշխատել և խոսել երաժշտությունից:

«Կարող եմ ասել, որ աշխարհն ունի երկու Մանսուրյան՝ Հայաստանին ծանոթ և աշխարհին ծանոթ Մանսուրյան: Մեր երկրում նրան ավելի շատ ճանաչում են կինոերաժշտությամբ, իսկ արտասահմանում՝ դասական երաժշտությամբ»,- նշեց Սմբատյանը և կարևորեց այն փաստը, որ հայ հանդիսատեսը մանսուրյանական օրերի շնորհիվ ավելի մոտիկից կծանոթանա կոմպոզիտորի դասական երաժշտության հետ:

Երևանի քաղաքապետը նաև ներկայացրեց Մանսուրյանի 80-ամյակին նվիրված մաեստրոյի դիմանկարով սահմանափակ քանակությամբ հուշամեդալներ, որոնք առաջինը շնորհվեցին Տիգրան Մանսուրյանին, Սերգեյ Սմբատյանին և Արայիկ Հարությունյանին: Տիգրան Մանսուրյանը հուշամեդալը տեսնելով՝ հայտարարեց. «Աննման է, նման լինելով աննման հուշամեդալ է»:

Համերգաշարը կամփոփվի սեպտեմբերի 13-ին Գյումրիում՝ կրկին կինոերաժշտության կատարումներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ