Ուելսցի հայտնի երգչուհի Դաֆին, որը 15 տարի առաջ անսպասելիորեն հեռացավ երաժշտական աշխարհից, կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ երգչուհու երկարատև լռությունը պայմանավորված էր ոչ միայն պրոֆեսիոնալ ճգնաժամով, այլև անձնական ծանր փորձություններով։
Դաֆին, որը 2000-ականների վերջին համաշխարհային ճանաչում էր ստացել «Mercy» հիթով, իր երկրորդ՝ Endlessly ալբոմից հետո դադարեցրել էր գործունեությունը։ Նրա երկարամյա համագործակից, երգահան Ալբերտ Հեմոնդը նշում է, որ երգչուհին հիասթափված էր երաժշտական ինդուստրիայից, որտեղ նրան «օգտագործել և լքել էին»։ Այդ շրջանում Դաֆին ներքաշվել էր նաև դատական քաշքշուկների մեջ իր նախկին մենեջերի հետ, ինչը հանգուցալուծվել է արտադատարանական կարգով։
Դեռևս 2011 թվականին տված հարցազրույցներում երգչուհին մտահոգություն էր հայտնել իր ապագայի վերաբերյալ՝ ակնարկելով հնարավոր ողբերգական զարգացումների մասին։ Չնայած վերջին 15 տարիների ընթացքում նա խուսափել է հանրային կյանքից, վերջին հազվադեպ հայտնվելը վկայում է նրա վերադարձի հնարավորության մասին։ Հեմոնդը նշում է, որ այս տարիների ընթացքում երգչուհու գլխավոր նպատակը եղել է անձնական վերականգնումը։

