ՀՀ նախագահի աշխատակազմը գրառում է կատարել Facebook-ում և տեսանյութ է հրապարակել: Աշխատակազմը հայտնում է, որ Երևանում վայրէջք է կատարել սերբական օգնությամբ երկրորդ ինքնաթիռը:
«Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդին լավ ապագայի երաշխիքն է. որպես Հայաստանի և Սերբիայի նախագահների պայմանավորվածությունների շարունակություն՝ Երևանում վայրէջք կատարեց սերբական օգնությամբ երկրորդ ինքնաթիռը»,-ասվում է գրառման մեջ:
Տեսանյութում նշվում է, որ Սերբական ավիաընկերության երկու ինքնաթիռներով Հայաստան են տեղափոխվել 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին որպես աջակցություն տրամադրված այս թանկարժեք օգնության ակունքներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ու Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի ջերմ հարաբերություններն են:
Մարդասիրական օգնության այս ակցիային նախորդել էին նախագահներ Սարգսյանի և Վուչիչի հեռախոսազրույցները:
Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչը Սերբիայի կողմից Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրումը համարել է երկու երկրների միջև գերազանց հարաբերությունների վառ ապացույց: «Մեր նախագահների, կառավարությունների, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամենակարևոր դրսևորումներից մեկը բժշկական սարքավորումներով բեռնված այս ինքնաթիռի ժամանումն է այն ժամանակ, երբ Հայաստանը դրա կարիքն ամենաշատն ունի։ Սերբիայում ևս մինչև վերջերս կորոնավիրուսի համավարակի խնդիրը կիզակետում էր, և մենք ամբողջովին հասկանում ենք, թե ինչ է նշանակում պայքարել COVID-19-ի դեմ,-ասել է Տատյանա Ցվետկովիչը: -Վերջերս, երբ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց ունեցան, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Հայաստանին աջակցություն և օգնություն առաջարկեց։ Ուրախ եմ, որ այդ հեռախոսազրույցից ընդամենը մի քանի շաբաթ անց կարող ենք արդյունքը տեսնել՝ մարդասիրական աջակցություն, որը ժամանում է Հայաստան։ Սա իսկապես խոսում է նրանց պաշտոնական, ինչպես նաև անձնական հարաբերությունների բնույթի մասին»։
Հանրապետության նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը նույնպես ընդգծել է, որ Սերբիայի կողմից նման մեծածավալ օժանդակության ցուցաբերումը երկու երկրների բարեկամության վկայությունն է: «Սա խոսում է Հայաստանի և Սերբիայի միջև խորացող հարաբերությունների մասին, որում իր անձնական ներդրումն ունի նախագահ Արմեն Սարգսյանը», -նշել է նա՝ ավելացնելով, որ ստացված մարդասիրական օգնությունը փոխանցվելու է առողջապահության նախարարությանը և կուղղվի համավարակի դեմ պայքարին:
https://www.facebook.com/Armpresident/videos/2577134809167949/?__xts__[0]=68.ARBF0NSdfSTRp4UteYritsMVfPsX3glaLA7–2qHPS7bwM5daou_k6OvPstsihQkl4K4Fj3Bwp-r8iOY7Q91goofwx5GCvHozh1JGylHBHp1bN_FNWAOe_6swq5XvIU-w2Sq-nblJRBGAsuNOSWXzIA67oSy0jUfsYJfw9bz1Zu0kQDTTWOH3tCw7sFNcHYZlwryv6B-Zoj6Ki1035YosCeb90VLKix4QJQqpbLDfbIwH6EuSd_In6ZI8jk9_oGXYlzcPdmp25HpJSAuq4lZmYQUAncGCDu9IwRKLq0MTE1M1UUuIf8LRjhkZLrQcS2WM2LUDkB0DFZwv023zyiQnR53cf2BF2DVrio&__tn__=-R