Սևեռվելու ենք դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա․ Մակունց

«Իմ քայլը» խմբակցությունը ներկայացված կլինի մասնագիտական հանձնաժողովում, աշխատանքային խմբում և խմբակցության տեսակետն այնտեղ կներկայացնի սահմանադրական փոփոխությունների հարցով։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե Արդարադատության նախարարությունն ինչպիսի ռազմավարություն և մարտավարություն է որդեգրել այս հարցում:

Մակունցի խոսքով՝ իրենք դեռևս թեկնածու չունեն։ Երբ կստանան ծանուցում, որ պետք է թեկնածու ներկայացնեն, իրենք կներկայացնեն:

«Ենթադրում եմ, որ ներկայացված կլինի պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչը»,-մանրամասնեց Մակունցը։

Դիտարկմանը, որ ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգի, պատգամավորն ասաց, որ բոլոր այն հարցերը, որոնք աշխատանքային խմբի անդամների մոտ կառաջանան, դրանք կդրվեն սեղանին և կքննարկվեն՝ իրենց հիմնավորումներով, փաստարկներով ու հակափաստարկներով:

«Իմ անձնական կարծիքն այնպիսին է, որ ես այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց պետք է աշխատանքային խումբը քննարկի և ներկայացնի փաստարկներ, հակափաստարկներ, որոնց արդյունքում կկարողանանք հասկանալ, թե որ կողմն է ավելի ծանրակշիռ դիրքերից հանդես գալիս»,-ընդգծեց նա:

Մակունցը հավելեց, որ իհարկե, «Իմ քայլը» ունի մի շարք դիրքորոշումներ, որոնք կներկայացնի սահմանադրական փոփոխությունների փաթեթը ներկայացնելիս, սակայն չմանրամասնեց դրանք։

Ինչ վերաբերում է նրան, թե իշխանությունն ինչ նպատակով է որոշել սահմանադրական փոփոխություններ անել, նա ասաց, որ ԱԺ մեկ տարվա աշխատանքում պարբերաբար հանգել են մի շարք դրույթների, որոնք շտկելու միակ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են:

«Քանի որ արդարադատության նախարարությունն արդեն որոշել է աշխատանքային խումբ ձևավորել, մենք նույնպես մեր դիրքերից կներկայացնենք այն փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը տեսել ենք: Թե կառավարությունն ինչ դիրքորոշում կունենա, դա կտեսնենք: Այս պահին դեռ վաղ է խոսել, թե ինչ փոփոխություններ կկատարվեն, որովհետև կարող են շատ տարբեր առաջարկներ ներկայացնել: Բայց այն, որ մեր շեշտադրումը լինելու է նաև դատաիրավական համակարգի բարեփոխումները այդ փաթեթում, մեր ուշադրությունը սևեռվելու է նաև դրա վրա»,-եզրափակեց նա։

Ամենաթարմ