fbpx
Աշխարհ
21:00 13/01/2020

Շատ են նմանությունները Արգենտինայի Մենդոզա նահանգի և Վայոց ձորի մարզի միջև․ ՀԲՃ

Մենդոզա նահանգն Արգենտինայի ամենահայտնի գինեգործական տարածաշրջանն է, որտեղ արտադրվում է արգենտինական գինու մոտ 70%-ը: Այս մասին հայտարարություն է տարածել Համահայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Գինեգործության ու խաղողագործության շնորհիվ Մենդոզան նաև սիրված տուրիստական ուղղություն է դարձել և ստացել է «Արգենտինայի գինու ճանապարհ» անունը (դո՞ւք էլ զգացիք նմանությունը մեր Վայոց ձորի և Արենիի հետ):

2007թ-ին Մենդոզայի փողոցներում, հանրային պահանջի արդյունքում ծնվեց այսպես կոչված 7722 օրենքը, որը հայտնի է նաև որպես ջրի պաշտպանության օրենք և արգելում է վտանգավոր և թունավոր քիմիական նյութերի օգտագործումը հանքերի շահագործման ժամանակ: Այս օրենքի շնորհիվ է, որ Մենդոզան պաշտպանված է եղել հսկայածավալ ջրային պաշարներ աղտոտող հանքահանումից: Մենդոզայի նահանգի կլիման կիսաչորային է, իսկ ջրի հիմնական աղբյուրը Անդերի լեռների սառցադաշտերն են, որոնք արդեն իսկ տարեցտարի կրճատվում են մարդածին կլիմայական ճգնաժամի հետևանքով:

Սակայն 2019թ-ի դեկտեմբերին Մենդոզայի նահանգապետ Ռոդոլֆո Սուարեսն անսպասելիորեն նախաձեռնեց և անցկացրեց 7722 օրենքի փոփոխությունը՝ 9209 օրենքը, որը վերացնում էր հանքերի շահագործման ընթացքում ծծմբական թթվի, ցիանիդի և այլ թունավոր քիմիական միացությունների օգտագործման արգելքը: Իսկ դեկտեմբերի 22-ին նա հայտարարեց, որ 19 հայտ է ստացել ուրանի, պղնձի, ցինկի, ոսկու, արծաթի և երկաթի արդյունահանման նախագծերի վերաբերյալ:

Նույն օրը Մենդոզա նահանգի բնակավայրերի փողոցները լցվեցին տասնյակ հազարավոր բնակիչների բողոքի ցույցերով: Որոշ տեղերում նույնիսկ փակվեցին Արգենտինան Չիլիի հետ կապող միջպետական ճանապարհները: Օրենքի փոփոխության հետ անհամաձայնության հայտարարություններ հրապարակեցին նաև Սանչեսի կուսակցական գործընկերներից մի քանիսը: Եվ չնայած այս ամենին՝ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցան ոստիկանական բռնություններ, իսկ Սանչեսի խոսնակը հայտարարեց, որ անկախ ցույցերից նահանգապետը ստորագրելու և հաստատելու է փոփոխված օրենքը:

Այնուամենայնիվ, մեկ շաբաթ շարունակվող զանգվածային խաղաղ գործողությունների արդյունքում՝ արդեն դեկտեմբերի 26-ին, Սանչեսը հայտարարեց, որ երկուշաբթի օրը դիմելու է նահանգային խորհրդարանին՝ 9209 օրենքը վերացնելու առաջարկությամբ, և որ հանքային օրենսդրության մեջ ոչ մի փոփոխություն չեն անի առանց հանրային փոխհամաձայնության:

Մաքուր հողի, օդի ու ջրի համար պայքարներ են տարվում ամբողջ աշխարհում, այն տեղերում, որտեղ խոշոր բիզնեսը փորձում է ավելի ու ավելի մեծ շահույթներ դիզել՝ ի հաշիվ մարդկանց և բնական միջավայրի կենսական կարիքների: Շատ են նմանություններն Արգենտինայի Մենդոզա նահանգի և Հայաստանի Վայոց ձորի մարզի միջև, որը նույնպես գինեգործության օրրան է և զբոսաշրջության կարևոր ուղղություն: Այստեղ էլ հազարավոր մարդիկ Ջերմուկ, Արենի, Գլաձոր, Եղեգնաձոր, Մալիշկա, մասամբ նաև Վայք և Եղեգիս համայնքներում իրենց դեմ դիրքորոշումն են արտահայտել մետաղական հանքերին՝ ոմանք հանրագրերի, ոմանք էլ ցույցերի և Ամուլսարում լեռան ճանապարհները փակելու միջոցով: Այստեղ էլ կենտրոնական և մարզային կառավարությունները տարբեր ճնշումների են դիմում հանրային դիմադրությունը կոտրելու համար, օրինակ դատական կարգով փորձելով վերացնել մետաղական հանքերն արգելելու մասին ավագանիների կայացրած որոշումները, որոնք հիմնված են հազարավոր մարդկանց ստորագրած հանրագրերի վրա:

Օրեցօր ավելի ու ավելի խորացող կլիմայական ճգնաժամը, դրանից բխող բնական աղետները, ջրի ու սննդի աղետալի սակավությունը գոնե ինչ-որ չափով մեղմելու համար մենք պարտավոր ենք ալիքներ բարձրացնել ամեն կետում, որտեղ կյանքի համար անհրաժեշտ օդը, հողը, ջուրը փորձում են ստորադասել փողին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ