Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանին, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Դուք ստեղծագործում եք ավելի քան 50 տարի և այն եզակի արտիստներից եք, որոնց երկրպագում է մի քանի ապրող սերունդ: Գիտեմ, որ Deep Purple-ի՝ օգոստոսի սկզբին թողարկված ալբոմը առաջին հորիզոնականներն է զբաղեցնում տարբեր երկրներում, ինչը Ձեր և ձեր ընկերների անսպառ տաղանդի և եռանդի հերթական ապացույցն է:
Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար: Դուք շատ սիրված եք Հայաստանում, ուստի ինձ իրավունք եմ վերապահում շնորհավորել Ձեզ՝ նաև մեր երկրի քաղաքացիների անունից:
Ջերմությամբ եմ հիշում 2019 թվականի հունիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ կլինեմ Ձեզ կրկին տեսնել Հայաստանում»: