Օգոստոսի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին և արտաքին ցանցեր։
Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը նշում է, որ ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 940 հազար դրամ, որի 56,5 տոկոսը 5 միլիոն 616 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 43,5 տոկոսը կամ 4 միլիոն 324 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը։
«Շինարարական աշխատանքների ավարտից հետո Շողակաթում, Դրախտիկում եւ Ջիլում կբարելավվի ջրամատակարարումը, կավելանա մատակարարվող ջրի քանակը, կհեշտանա տնտեսությունների կենցաղը։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում»,- նշել է Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։
