Շիրակի պետհամալսարանի դասախոսները պատրաստվում են օգոստոսի 20-ից հետո բնականոն հունով, ամեն տարվա պես գնալ համալսարան, ստանալ դասաբաշխումները, կազմելու են իրենց դասերը և սկսեն դասապրոցեսը։ Ամեն դեպքում, Շիրակի պետհամալսարանի դասախոսներից Գագիկ Համբարյանի խոսքով՝ բուհում նյարդային, լարված և սպասողական վիճակ է՝ պայմանավորված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիս ամսին 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Շիրակի պետհամալսարանում վատ բարոյահոգեբանական իրավիճակ է և եթե այդպես շարունակվի, բուհը կա՛մ կլուծարվի, կա՛մ կմիավորվի այլ համալսարանի հետ:
«Ոչ մեծ խմբեր են ձևավորվել, որոնք բացառապես իրենց շահերով են ղեկավարվում: Ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ եթե իրավիճակը շարունակվի, ապա հարց կբարձրացվի լուծարման կամ այլ համալսարանի հետ միավորման, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի, և հարցը կլուծենք։ Ես անձամբ 2 անգամ այցելել եմ տվյալ համալսարան և ամոթից գետինն էի մտնում, երբ տեսա, թե ինչպես են դասախոսներն իրենց անձնական հարաբերությունները պարզում: Դա պարզապես խայտառակություն է, որն անհրաժեշտ է շտկել»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։
Համբարյանի խոսքով՝ այս լարված նյարդային պրոցեսից զատ՝ ներկայումս բուհի նախկին ռեկտորների կողմից թույլ տրված չարաշահումների հիմքով 8 հարուցված քրեական գործ կա, դրանք տեղափոխվել են հատուկ քննչական ծառայության վարույթ, և քննությունը շարունակվում է։ Վերջերս էլ դատախազությունը հանդես եկավ տեղեկատվությամբ, որ քրեական գործ է հարուցվել նաև ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ՝ պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով։
«Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ նախարարի հայտարարությունը՝ կապված Շիրակի պետհամալսարանի լիկվիդացման հետ, շտապեցրել է գործող իշխանություններին, և ես չեմ բացառում, որ իշխանությունները, չունենալով համապատասխան թեկնածու, որը կհամապատասխաներ Շիրակի պետհամալասրանի ռեկտորի պաշտոնը ստանձնելու համար, կշարունակեն փորձեր կատարել բուհը լիկվիդացնելու ուղղությամբ»,- ասաց Համբարյանը։
Նա նշեց, որ բուհի կոլեկտիվը սպասում է նախարարի հետ հանդիպմանը, որը սպասվում է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, և այդ ժամանակ ավելի կոնկրետ հասկանալի կդառնա, թե իշխանություններն ինչ ծրագիր ունեն Շիրակի պետհամալսարանի վերաբերյալ։ Ամեն դեպքում, իրավիճակի վերջնական հանգուցալուծումը, մեր զրուցակցի խոսքով, խիստ անհրաժեշտ է, քանի որ բուհի ռեկտորի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը չի կարողանում բուհում, կոլեկտիվի ներսում համերաշխության մթնոլորտ ստեղծել, որը, Համբարյանի խոսքով, հիմնականում պայմանավորված է նրանով, որ Երվանդ Սերոբյանը տխրահռչակ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ամենամտերիմ ընկերներից է և նրա ֆանակումբի ակտիվ անդամներից մեկը և բուհում իր կարիերայի բարձունքով պարտական է հենց Սահակ Մինասյանին։
«Երվանդ Սերոբյանը ընդհանրապես զուրկ է բարձրագույն կրթության ոլորտում կառավարման որևէ հմտությունից և ներկայումս պրոֆեսիոնալ կերպով սրում է աշխատակիցենրի միջանձնային հարաբերությունները»,- ասաց ՇՊՀ դասախոսը։
Մեր զրուցակցի խոսքով, սակայն, իրավիճակի շտկման ուղղությամբ աշխատանքները դանդաղ են առաջ գնում թե՛ դատախազության կողմից, թե՛ պատկան մարմինների կողմից, ինչը թույլ է տալիս համալսարանում առկա անառողջ մթնոլորտի պահպանումը։
Հիշեցնենք, որ Շիրակի պետհամալսարանում ռեկտորի ընտրության գործընթացն արդեն 3 անգամ տապալվել է։ Բուհում առկա խմորումները անդրադառնում են նաև ռեկտորի ընտրության գործընթացի վրա։