ԱԺ-ն քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից օրենքի փաթեթները: Նախագծի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է: Նախագծով առաջարկվում է կարգավորել շրջիկ առևտրի կետերի գործունեությունը:
«Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա: Թույլտվության տրամադրման, մերժման կարգը և պայմանները սահմանում է Երևան համայնքի ավագանին»,- ասաց Գաբրիելյանը:
Ըստ նախագծի՝ շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները և վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների տեսակները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման թույլատրելի ժամերը սահմանվում են Երևան համայնքի ավագանու որոշմամբ:
Նախագծի վերաբերյալ խնդրահարույց կետեր բարձրաձայնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա նշեց, որ քննարկել է նախագիծը շրջիկ առևտրի կետ ունեցող աշխատակցի հետ և պարզել, որ նրանք պատրաստ չեն մեկ օրով առևտուր կազմակերպել:
«Համարում են, որ դա անլուրջ օրինագիծ է, կարծում են, որ պետք է առնվազն մեկ ամիս լինի, որ մարդիկ կարողանան առևտուր կազմակերպել. այսօր Հրապարակում, վաղը Բանգլադեշում, մյուս օրը Չարբախ… այս մարդկանց ուղղակի տանջելու ենք: Ոչ թե օգնելու ենք, այլ անհարմարավետություն ենք պատճառելու»,- ասաց նա և առաջարկեց, որ առնվազն մեկ շաբաթ ժամկետ ունենան մարդիկ աշխատելու:
Սիսակ Գաբրիելյանն էլ նշեց, որ ինքն էլ է կարծում, որ ավելի հարմարավետ կլիներ իրենց մեկ ամսով տալ կամ անժամկետ տրամադրել առևտրի համար պայմաններ:
«Գուցե հենց Հանրապետության հրապարակի այդ հատվածում տանք և ասենք՝ դուք այստեղ ինչ ուզում եք, որքան ուզում եք, անժամկետ բերեք, վաճառեք: Բայց պետք է հասկանանք՝ մենք այդպիսի քաղա՞ք ենք ուզում, թե ոչ»,-ասաց Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ եթե տնտեսավորողը ներդրում է արել այդ ոլորտում, ուրեմն կարդացել է չէ՞ օրենքը, որտեղ գրված է՝ շրջիկ առևտրի կետ, և պարզ է ի սկզբանե, որ դա պետք է լինի շարժական կետ:
«Այս նույնը ես ասել եմ իրենց: Ասել եմ՝ այնպես չէ, որ դուք ունեցել եք կայուն բիզնես, մենք էլ եկել, ուզում ենք ձեզ վատություն անել: Չէ, դուք ի սկզբանե իմացել եք, որ շարժական առևտրի կետ եք»,- ասաց նա:
Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկեց, որ կարող են վերաորակավորել՝ ոչ թե շրջիկ առևտրի կետ լինի, այլ թափառական առևտրի կետ:
«Դուք ձեզ պատկերացրեք այդ վիճակում, ես խնդրում եմ, օգնենք մեր քաղաքացիներին: Երբ ասում եք՝ մենք չենք նախատեսել քաղաքն այդ տեսքով, բայց չէ՞ որ հաջորդ օրը մեկ ուրիշը նույն տեղը կանգնելու է, այնպես չէ, որ մենք ասում ենք՝ մարդկանց համար լրացուցիչ տեղ ենք պահանջում, մենք ասում ենք՝ հարմարավետ պայման ստեղծենք, եթե օգնում ենք, եթե ուզում ենք զուտ օրենք ստեղծել, թող այդ օրենքն էլ ունենանք: Ես կարծում եմ, որ օրենքը պետք է բխի խնդիր լուծելու շահերից, ոչ թե ընդամենը օրենք ունենալու ինքնանպատակությունից»,-ասաց Բագրատյանը:
Սիսակ Գաբրիելյանն էլ նշեց, որ այնպես չէ, որ կարող է նույն տեղի համար ամեն օր այդտեղ կայանելու հնարավորություն լինի:
«Իմ ասածը հետևյալն էր՝ լինելու են փողոցներ, օրինակ, գործունեության հնարավորություն է լինելու 15:00-ից հետո՝ հաշվի առնելով դպրոցների համալսարանների հոսքը տվյալ հատվածում: Այնպես է արվելու, որ շրջիկ առևտրի կետերն իսկապես օրենքի տրամաբանության դաշտում լինեն: Իսկ թե անվանումը կլինի շրջիկ, թե թափառական երաժիշտ, կարծում եմ՝ հոմանիշներ են, և բովանդակությունը չի փոխվի»,-հակադարձեց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ևս անդրադարձավ մեկ օրվա տրամաբանությանը։
«Երբ Դուք ասում եք, որ մեկ օրվա տրամաբանությունն ի սկզբանե պարզ է եղել տնտեսվարողին, թույլ տվեք չհամաձայնեմ, որովհետև տնտեսավարողն ասում է՝ գրել եք շրջիկ առևտուր, հիմա ես, օրինակ, եթե երեք օրը մեկ եմ տեղափոխվում, շրջո՞ւմ եմ, թե՞ չեմ շրջում, եթե մի վարչական տարածքից չեմ տեղափոխվում, այլ բակից տեղափոխվում եմ ուրիշ բակ՝ շրջո՞ւմ եմ, թե՞ չեմ շրջում»,- ասաց նա:
Դիմելով նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանին՝ նա խնդրեց չծայրահեղականացնել՝ ասելով, թե մարդիկ կուզեն մեկ տարով էլ։
«Հա կուզեն, բայց եթե այդ մեկ օրը դառնա երկու օր, ամբողջ տրամաբանությունը խաթարվելո՞ւ է»,-հավելեց նա։