Ալեն Սիմոնյանի ելույթը՝ ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 22-ին նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում։

««Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ»,-ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ մարտահրավերները պահանջում են ակտիվ համագործակցություն ազգային խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների միջև:

«Եվրոպայի խորհուրդն ազդեցություն ունի ավելի քան 800 միլիոն մարդկանց կյանքերի վրա: Այսօր աշխարհը լուրջ մարտահրավերների առջև  է կանգնած: Մենք ապրում ենք մեծ ձևափոխումների ժամանակներում, որտեղ ահաբեկչությունը կարող է գերիշխել խաղաղության և անվտանգության վրա, և երբ արտաքին քաղաքականությունը կարող է ուղեկցվել անհանդուրժողականությամբ»,-ընդգծել է ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարն առանձնակի կարևորել է ժողովուրդների՝ խաղաղ և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի լիարժեք իրացումը՝ հավելելով. «Եվրոպական բոլոր քաղաքացիների ապագան հնարավոր է միայն խաղաղ միջավայրում: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար այն ունի հատուկ իմաստ, քանի որ բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում»:

Այդ համատեքստում օրենսդրի ղեկավարն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, համապարփակ և երկարատև կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ալեն Սիմոնյանն անվտանգության հարցերում կարևորել է հարևանային քաղաքականության դերակատարությունը:

«Եվրոպայի կայունությունը փոխկապակցված է հարևանների անվտանգության հետ: Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների հետ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմամբ: Մենք կարիք ունենք միասնության, համերաշխության և գլոբալ գործընկերության` համընդհանուր խնդիրների լուծման համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ