fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբին

Այսօր՝ ապրիլի 26-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

«Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է բարեկամ Սիրիայի հետ պատմական եղբայրությունը և բազմաբևեռ կապերի առկայությունը՝ ընդգծելով սիրիահայ համայնքի գործուն դերակատարումը:

Անդրադառնալով Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամավորների ներկայությանը՝ Ալեն Սիմոնյանը ողջունել է նրանց ընդգրկվածությունը նաև Հայաստանի հետ բարեկամական խմբում:

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղի ուղերձը, որը վերահաստատում է խորհրդարանների միջև ձևավորված փոխվստահությունն ու համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ այս համատեքստում շեշտելով երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի կյանքի կոչումը: Փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում երկուստեք արձանագրվել է միջխորհրդարանական համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետպատերազմյան Արցախին, ինչպես նաև Սիրիայում հայ խաղաղապահների իրականացրած առաքելությանը:

Հանդիպման ավարտին սիրիացի գործընկերները հիշել են իրենց երկրում տարածված ժողովրդական ճշմարտությունը, որ հավատարմությանը հավատարմությամբ են պատասխանում՝ ընդգծելով, որ այն ի հայտ է եկել հայերի և սիրիացիների խաղաղասիրության և փոխվստահության արդյունքում», – ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ