Սիրիայի արդյունաբերությունը որակյալ մասնագետների խիստ կարիք ունի, աշխատանքի շուկայում նրանց բացակայությունը գլխավոր խոչընդոտն է արտադրության վերականգնման ճանապարհին: Այս մասին հայտարարել են պետական խոշոր ձեռնարկությունների տնօրենները: Այդ ձեռնարկությունները Ռիֆ Դամասկոսի նահանգի Թել Քուրդիի արդյունաբերական գոտում են:
Մինչև պատերազմն այդ տարածքը գրեթե ամբողջ Սիրիայի արդյունաբերական կորիզն էր, որտեղ աշխատում էին հազարից ավելի գործարաններ։ Դրանք արտադրում էին ամենատարբեր ապրանքներ՝ սպիտակեղենից մինչև ավտոմոբիլներ: Պատերազմի ընթացքում զինյալներն այստեղից տարել են այն ամենը, ինչ կարողացել են տանել, իսկ մնացածը պայթեցրել են: Ամենակարճ ժամկետում արդյունաբերական կլաստերի վերականգնումը պետական կարևորության գործ է, Սիրիայի կառավարությունն այն նշել է գերակայությունների թվում, և առաջին 70 ձեռնարկություններն այստեղ արդեն սկսել են աշխատել:
Առաջնահերթություններից է սննդի արդյունաբերության ձեռնարկությունների վերականգնումը: Դամասկոսի «Սաֆիր» քաղցրավենիքի գործարանն իր արտադրանքով ապահովում էր երկրագնդի կեսը: Այժմ վերականգնված է ընդամնը երկու արտադրամաս: «Մենք օրական շուրջ 4 հազար տուփ պատրաստի արտադրանք ենք տալիս, մեր գործարանում ընդամենն աշխատում է 80 բանվոր: Մնացած դժվարությունները կապված են պատժամիջոցների և աշխատող ձեռքերի, հատկապես որակյալ աշխատողների պակասի հետ: Մենք սպասում ենք, թե արտասահմանից երբ կվերադառնան որակյալ կադրերը»,- պատմում է ընկերության արտադրության պետ Նիդալ ալ Աթթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

