Սիրիայում զգալիորեն աճել է Մոսկվայի և Թեհրանի դերը այնտեղից ամերիկյան ուժերի հեռանալուց հետո, ինչի հետևանքներն առայժմ դժվար է կանխատեսել: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում հանդես գալով ԵՄ-ի գագաթնաժողովի օրակարգի վերաբերյալ կառավարական հայտարարությամբ:
«Երբ ես խոսում եմ Սիրիայում Թուրքիայի գործողության աշխարհաքաղաքական հետևանքների մասին, ապա արդեն հարկավոր է խորհել այն մասին, որ Ռուսաստանի դերն Իրանի հետ միասին զգալիորեն աճել է տարածաշրջանում այն բանից հետո, երբ դուրս բերվեցին ամերիկացի զինվորները»,-ասել է նա:
Նրա խոսքով, սակայն, այդ զարգացման հետևանքներն այսօր դեռևս հնարավոր չէ կանխատեսել։
«Արդեն միայն ուշադրության առնելով «Իսլամական պետությունը»՝ Թուրքիայի ռազմական գործողությունը տանում է նոր անորոշության: Դա անորոշության է տանում այնտեղ, տարածաշրջանում ու Եվրոպայում»,- հայտարարել է Մերկելը՝ հավելելով, որ Անկարայի գործողության հետևանքով ԻՊ-ի կալանավորված մասնակիցները կարող են հայտնվել ազատության մեջ: