Գործող կարգավորման համաձայն՝ մեր բոլոր այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվել ՀՀ-ում, կարող են մաքսային արտոնություններից օգտվել, եթե հինգ տարվա կտրվածքով իրենք ամեն տարվա 183 օրը չեն բնակվել ՀՀ-ում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։
Պատգամավորը այն համարեց նաև հայրենադարձությանը խթանող նախագիծ:
«Գործող օրենքով ներկրված գույքի և ավտոմեքենայի համար այս արտոնությունը տրվում է միայն այն հայրենադարձներին, ովքեր չունեն ՀՀ-ում գույք կամ հաշվառված չեն ՀՀ-ում: Առաջնայինը այս փոփոխությունն է կատարվում, և մենք ասում ենք, որ եթե լիազոր մարմինը ստուգի, որ անձը հինգ տարվա ընթացքում՝ այսինքն 1825 օրից 915 օրը գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմում է որպես ՀՀ բնակության՝ մշտական վերադարձող, ինքը կստանա տեղեկանք, որ չունի մշտական բնակության վայր և այդ փաստաթուղթը ձեռք բերելուց հետո էլ 18 ամսվա ընթացքում կկարողանա իր հետ ներկրել անձնական օգտագործման գույքը և մեկ տրանսպորտային միջոց՝ տվյալ անձի անունով, եթե այդ տրանսպորտային միջոցը վեց ամիս իր սեփականությունն է եղել տվյալ երկրում»,-նշեց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ունենք արդեն դիմած քաղաքացիներ, որին ի պատասխան՝ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ անցած տարի 400 հոգի այս պահին գործող կարգավորմամբ ստացել է այս արտոնությունը, որը ընդլայնվելու է:
Սիսակ Գաբրիելյանը համաձայնեց Սփյուռքի հանձնակատարի խոսքերի հետ առ այն, որ եթե հարյուր ընտանիք էլ գա, երկուսը փորձեն խաբել, մեզ համար այդ իննսունութը կարևոր է:
«Եվ ոչինչ, եթե այս օրենքի շրջանակում երկուսն էլ փորձեն մեքենայություն անել, մենք դրան չպետք է ուշադրություն դարձնենք, այլ կարևորենք 98 հայրենադարձներին»,-նշեց նա: