Ռեժիսոր Գայ Ռիչին պետք է ակնկալի քննադատությունների ալիք՝ վերջերս թողարկված «Օպերացիա «Ֆորտունա» ֆիլմում ուկրաինացիների կերպարը խեղաթյուրելու համար։ Այս մասին գրել է Լաս Վեգասի կինոքննադատների ասոցիացիայի անդամ Քոլին Բիգսը՝ That Shelf-ի իր հոդվածում:
Ֆիլմը նկարահանվել է երկու տարի առաջ, այն պետք է թողարկվեր 2022 թվականի գարնանը։ Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, ֆիլմը թույլ չեն տվել թողարկել ուկրաինացիների բացասական կերպարի պատճառով։ Այնուհետեւ ռեժիսորին խորհուրդ են տվել փոխել ֆիլմի որոշ տեսարաններ ու դրանցից հանել գանգստերների ազգության մասին ցուցումները, գրել էր Daily Mail-ը։
«Ֆիլմի թողարկումը 2022-ից 2023 տեղափոխելը մի փոքր մեղմացրել է խնդիրը, բայց ավազակների ազգությունը չփոխելը քննադատության կարժանանա: Հաշվի առնելով, թե որքան հեշտ էր դա շտկել մեկ տարում, տարօրինակ է, որ Ռիչին ամեն ինչ թողեց այնպես, ինչպես կա», – գրել է Բիգսը։
Ֆիլմում գլխավոր դերում հանդես է եկել Ջեյսոն Սթեյթեմը։ Նա մարմնավորում է լրտես Օրսոն Ֆորտունային։ Ըստ սյուժեի՝ ուկրաինացի գանգստերներից կազմված հանցախումբը փորձում է մահաբեր զենք ձեռք բերել։

