fbpx
Հասարակություն

Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին առաջարկում են աշխատանքից ազատվել

Երկու օր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից ազատում է ազգությամբ հայ աշխատողներին:

Հայտարարությունը ստորագրել է 29 մարդ: Աշխատակիցներից Սարգիս Մարգարյանը, մասնավորապես, պատմեց՝ իրեն ներքին կարգով ասել են, թե կա հրահանգ վերևից՝ աշխատանքից ազատել բոլոր հայերին, և առաջարկել են դիմում գրել: Աշոտ Կարագեչյանը, իր հերթին, հայտարարեց․ – «Այն ամենը, ինչ նշված է հայտարարությունում, միանշանակ ճիշտ է: Ես հաստատում եմ այդ հայտարարության ամեն տողը»:

Սոչիի օդանավակայանը Ռուսաստանի նախագահ ՎլադիմիրՊուտինի մտերիմ օլիգարխ Օլեգ Դերիպասկայի «Բազել Աէրո» ընկերությանն է պատկանում: Ընկերության մամուլի ծառայության ղեկավար Աննա Շալիմովան, վկայակոչելով Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, «Ազատության» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հերքեց հայազգի աշխատակիցների հայտարարությունում տեղ գտած մեղադրանքները, նշելով, թե օդանավակայանի անձնակազմը բազմազգ է, և կադրային քաղաքականությունը ընկերությունում համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրությանը: Բացի այդ, Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնում է․ – «Սակայն մարդկանց մի փոքրիկ խումբ, որ վերջերս են դադարել աշխատել ընկերությունում, դիտավորյալ օգտագործում են ազգային պատկանելիությունը՝ պահանջելով հատուկ պայմաններ իրենց համար: Մենք համարում ենք, որ այս խմբի գործունեությունը ոչ միայն իրավական դաշտում չէ, այլ նաև հրահրում է ազգամիջյան ատելություն, ինչն անթույլատրելի է»: Այս մասին գրում է azatutyun.am-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ