Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հերքել է լուրերը՝ օդանավակայանի հայկական ազգանունով աշխատակիցներին աշխատանքից հեռացնում են։
«Սոչիի միջազգային օդանավակայանը, ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված լուրերի, հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին: Օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, և մենք դա անվիճելի առավելություն ենք համարում: Կադրային որոշումները կայացվում են՝ միշտ հիմնվելով կոորպորատիվ չափանիշների և դրույթների, բազմազգ կոլեկտիվներում առկա էթիկական նորմերի հիման վրա»,- ասված է օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ:
Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ազատված աշխատակիցների փոքր խումբը,սեփական շահերից ելնելով, կանխամտածված օգտագործում է ազգային շարժառիթը՝ հատուկ պայմաններ պահանջելով»: Նշվում է, որ ազգությամբ հայերի մասնաբաժինը բոլոր ազատվածների 3 տոկոսն է կազմում:
Հիշեցնենք, որ երեկ լրագրող Գագիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ Ռուսաստանի իշխանություններն աշխատանքից ազատում են Սոչիի օդանավակայանի՝ ազգությամբ հայ աշխատակիցներին։