Սպառնալ նրանով, որ մենք դիմելու ենք ՄԻԵԴ, իմ կարծիքով անընդունելի է. Վլադիմիր Վարդանյան

Ամենադիտվածներ

Այսօր` հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ասաց՝ ես ժամանակին ասել եմ, որ ընդհանրապես զարմանում եմ, թե ինչու Սահմանադրության 213-րդ հոդվածը, որ անցումային դրույթներում է զետեղված, կարող է փոփոխվել և ԱԺ-ի կողմից, և հանրաքվեի միջոցով, որովհետև հոդվածն ամբողջությամբ վերաբերում է դատական իշխանության գլխին և տրամաբանական կլիներ, որ դրա նկատմամբ կիրառվեին այն նույն կանոնները, որոնք կիրառվում են դատական իշխանության գլխի փոփոխման դեպքում:

«Վերջին շրջանում ես այդ մանիպուլյացիաները տեսնում եմ, թե այդ ինչպես ստացվեց, որ ԱԺ-ն գնաց այդ փոփոխություններին, բա այսպես էիք ասել: Ես մնում եմ իմ կարծիքին, որ եթե խոսում ենք արմատական բարեփոխումների մասին, ապա հանրաքվեի մասին որոշման նախագիծը ենթադրում էր մինչեւ 2015 թվականը նշանակված բոլոր 7 դատավորների պաշտոնավարման ավարտ: Դա ենթադրում էր քաղաքացիների քվեի հայցում: Այս պարագայում խոսքը ոչ թե լիազորությունների դադարեցման մասին է, այլ մեկ միասնական, միասեռ կարգավիճակով օժտված դատավորների առկայության ապահովմանը: Այսինքն նախկին կոնցեպտը ելնում էր նրանից, թե արդյոք դուք ուզում եք, որ հին ընթացակարգով ընտրված և պաշտոնավարած դատավորները շարունակեն պաշտոնավարել, ապա այդ հարցի պատասխանը պետք է ակնկալեք ժողովրդից: Այդ կոնցեպտը վերաբերվում էր ՍԴ կազմի 2/3-ի փոփոխության:

Իսկ այս նոր կոնցեպտին եկանք, որովհետեւ ՍԴ-ում տարբեր դատավորներ պնդում էին, որ իրենք այլ դատավորներից տարբեր կարգավիճակ ունեն: Մեկը պնդում էր, որ ես ավելի անձեռնմխելի եմ, քանի որ ընտրվել եմ այսինչ թվականին, այդ ժամանակ գործում էր այս կանոնը: Երբ ես ՍԴ-ում էի աշխատում, լինում էին դեպքեր, երբ ՍԴ որևէ դատավոր ընտրվելուց հետո ավելի շուտ էր գնում, քան իրենից առաջ ընտրվածները: Հիմա այս դիսբալանսը փորձում ենք հարթել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՍԴ դատավորները հայտարարել են, որ կբողոքարկեն և կհասնեն մինչեւ Եվրոպական դատարան, նա արձագանքեց. «Յուրաքանչյուրի իրավունքն է սպառելով ներպետական պաշտպանության միջոցները, դիմել միջազգային պաշտպանության գործիքներին, այդ թվում ՄԻԵԴ: Բայց սպառնալ նրանով, որ մենք դիմելու ենք ՄԻԵԴ, իմ կարծիքով անընդունելի է: Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում, Հայաստանը պարտավորված կլինի այդ խախտումը վերացնել: Եթե չարձանագրի խախտում, հարցը կհամարվի փակված»:

Ամենաթարմ