Ապրիլի 8-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանին:
Ներկայացնելով այցի նպատակը՝ ֆրանսահայ հայտնի սրտաբան-վիրաբույժը նշեց, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսում են Հայաստանում կազմակերպել Սրտաբանության եվրակովկասյան հերթական համաժողովը, որը նախարարության հետ համատեղ 2009 թվականից սկսած Երևանում երկու տարին մեկ անգամ անցկացվում է: Համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը, նպաստել Հայաստանում սրտաբանության զարգացմանը, Հայաստանի, Արցախի և սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, օտարազգի հայտնի մասնագետների ներգրավմամբ խթանել Հայաստանում մասնագիտական որակների բարձրացմանն ու նորարական փորձի փոխանակմանը:
Ըստ Ավետիս Մատիկյանի՝ այս տարի համաժողովն ունենալու է ավելի մեծ ընդգրկում՝ հասանելի դառնալով ոչ միայն սրտաբանների, այլև մանկաբույժների, նյարդաբանների, ռադիոլոգների, բժշկական սարքավորումների ինժեներ մասնագետների համար: Աշխարհահռչակ մասնագետները Հայաստան կբերեն ոլորտի նորամուծությունները, կստեղծեն կապեր, կներդնեն ծրագրեր:
Ներկայացնելով նախարարության վերակազմավորման ընթացքը՝ Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ավելի բարձր մակարդակ կունենա՝ դառնալով կոորդինացնող և վերահսկող մարմին 12 նախարարությունների՝ սփյուռքի հետ ոլորտային ծրագրերի իրագործման ընթացքում, ինչպես նաև պահպանելով կապող օղակի դերը Հայաստանի և սփյուռքի միջև: Տեր Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ հանձնակատարի գրասենյակը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սրտաբանության եվրակովկասյան համաժողովի անցկացմանը, ընթացիկ հարցերը կքննարկվեն Առողջապահության նախարարության հետ, կապեր կստեղծվեն համաժողովի կազմակերպիչների և նախարարության պատասխանատու ստորաժանումների միջև:
Սփյուռքի նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբման գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ավետիս Մատիկյանի ջանքերով 2011 թվականին Գորիսում բացված Սրտանոթային հիվանդությունների կենտրոնի գործունեությանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից։