Ի դեպ․ Ինչու՞ Իրանում տարիներ շարունակ կուտակվող դժգոհությունը չի վերածվում ռեժիմի տապալման

Հրապարակող՝

,

Narek Ayvazyan

Ամենադիտվածներ

Պետական կառավարման համակարգի վերափոխման գործում քաղաքական շրջանակների զգուշավոր տրամադրությունների մասին Նարեկ Այվազյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Ի՞նչ են սխալ անում արևմտյան երկրները, որ չի օգնում մերձավոր արևելքի ժողովուրդներին հասնել ազատության և զարգացնել ժողովրդավարությունը: Սա նաև տեսնում ենք Հայաստանում, և ոչ մեկ իրեն ջայլամի տեղ թող չդնի:
Իրանի ողջախոհ հասարակությունը կանգնած է երկակի ճգնաժամի առաջ, և դրա մասին փաստում են հասարակության մեջ եղած գիտակից ու ազատ մարդիկ:

Մի կողմից՝ ներքին քաղաքական համակարգը շատերի համար սպառել է իր լեգիտիմությունը։ Տասնամյակների տնտեսական սխալ կառավարումը, սոցիալական սահմանափակումները, գաղափարական վերահսկողությունը և քաղաքական փակ համակարգը ստեղծել են խոր հիասթափություն։ Բողոքները պարբերաբար բռնկվում են, հատկապես երիտասարդության և քաղաքային միջին խավի շրջանում։

Մյուս կողմից՝ արտաքին միջավայրի փորձը ստեղծել է խորը անվստահություն ցանկացած «փրկարար» սցենարի նկատմամբ։ Իրաքում, Լիբիայում, Սիրիայում և Աֆղանստանում ռեժիմների փլուզումը հանգեցրեց ոչ թե կայուն ժողովրդավարության, այլ երկարատև անկայունության, քաղաքացիական պատերազմի կամ արտաքին ուժերի մշտական ներգրավման։ Այս նախադեպերը իրանական հասարակության մի զգալի հատվածի համար դարձել են նախազգուշացում․ վատ կառավարությունը կարող է գոյատևել, իսկ պետականության փլուզումը՝ ոչ։

Այս իրավիճակում ռեժիմի տապալման համար անհրաժեշտ հիմնական գործոնը՝ կազմակերպված, բարձր գիտակցությամբ, ազգային շահը առաջնահերթ համարող ներքին էլիտան, իրականում դուրս է ակտիվ խաղից։ Բարձր մշակույթով, համակարգային փոփոխություն ցանկացող խավը լավ է հասկանում, որ հանկարծակի փլուզումը կարող է վերածվել պետականության վերացման, տարածքային ամբողջության խաթարման ու ինստիտուցիոնալ քաոսի։ Այդ գիտակցությունը նրանց դարձնում է ավելի զգուշավոր, ոչ թե պասիվ, բայց նաև պասիվ։ Նրանք չեն միանում արտաքին սցենարներին, քանի որ դրանք ընկալում են որպես անկառավարելի ռիսկ։

Միաժամանակ, այն ուժերը, որոնց հետ արտաքին դերակատարները հաճախ աշխատում են, հասարակության լայն շերտերի կողմից ընկալվում են ոչ թե որպես կառուցողական այլընտրանք, այլ որպես անկայունություն բերող գործոններ։ Երբ ընդդիմադիր դաշտը ֆրագմենտացված է, գաղափարակապես չհստակեցված կամ արտաքին աջակցությունից բացահայտ կախված, այն կորցնում է ներքին վստահությունը։ Այս պայմաններում ռեժիմը կարողանում է իրեն ներկայացնել որպես «վատ, բայց կայուն», «հպատակվող, բայց խաղաղ» տարբերակներ՝ հակադրելով իրեն «քաոսի» կամ «պատերազմի» վտանգին։

Արդյունքում ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ․ Հասարակության մի մասը չի հավատում համակարգի բարեփոխմանը, սակայն նույնքան չի վստահում արագ տապալման սցենարին, իսկ արտաքին միջամտության վախը փաստացի ուժեղացնում է գործող ռեժիմի պաշտպանական լեգիտիմությունը։ Իսլամական Հանրապետությունը շահել է, երբ ընտրությունը ներկայացվել է «կառավարելի փակ համակարգի» և «անկանխատեսելի փլուզման» միջև, զգալի հատվածը ընտրում է առաջինը։

Այս պատճառով Իրանում ռեժիմի փոփոխությունը տեղի չի ունենում հեղափոխական ճանապարհով․ հասարակության ներսում գերակշռում է այն հաշվարկը, որ պետության պահպանությունը վատ կառավարման պայմաններում ավելի նախընտրելի է, քան կառավարման ամբողջական վակուումը։

Նայեք, Իսրայելը «առյուծին» վերականգնելու, իշխանության բերելու մասին է խոսում, միաժամանակ ԱՄՆ-ում Փահլավիների որդին էր ելույթներ ունենում, որը ոչ մի հարգանք ու ազդեցություն չունի իրանական ողջախոհ հանրության մոտ: Որոշ մարդիկ կարծում են, թե փահլավիների ժամանակ ժողովրդավարություն ու ազատություն է եղել՝ չիմանալով ու չհասկանալով, որ նույն շահի ժամանակ էլ գնդակահարել, կախել ու պատժել են այլախոհներին, նա էլ ունեցել է պատժիչ ուժեր, որոնք ահ ու սարսափ են տարածել:

Եվ հետևաբար այդ խավը դուրս չի գալիս փոփոխության, հանուն մեկ այլ բռնակալության կամ անիշխանության, իսկ դուրս եկողները բորբոքված ու հուսահատ, բայց անկառավարելի մասսաներն են, որոնց ռեժիմը դաժանագույն ձևով պատժում է, ինչը կրկնվեց վերջերս: Հա, հարց է առաջնում, թե ինչու՞ են արտաքին ուժեր աշխատում նման մարդկանց հետ, այլ ոչ թե ողջախոհների: Պատասխանն ակնհայտ է, որովհետև ուզում են իրենցից բացարձակ կախյալ ու ենթակա մարդկանց տեսնել որպես կառավարիչներ, եթե միջամտում են որևէ երկրի ներքին գործերին:

Սա այն հանգույցն է, որը մինչ այժմ թույլ է տվել համակարգին պահպանվել՝ չնայած խորքային ներքին դժգոհությանը։

Ամենաթարմ