Մեծ Բրիտանիայի խորհրդարանական Թոմ Տուգենդհաթը մտադիր է առաջադրվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Telegraph թերթում:
Բորիս Ջոնսոնը, ով 2019 թվականին վարչապետի պաշտոնում փոխարինել էր Թերեզա Մեյին, երեկ հայտնել է վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները լքելու մասին: Նա կշարունակի կատարել պարտականությունները մինչ նախարարների նոր կաբինետի ձևավորումը:
«Ես արդեն ծառայել եմ, սկզբում՝ բանակում, այժմ՝ խորհրդարանում: Հույս ունեմ կրկին պատասխանել մարտահրավերին՝ որպես վարչապետ: Եկել է մաքուր էջից սկսելու ժամանակը: Եկել է թարմացումների ժամանակը»,-գրել է Տուգենդհաթը:
Նա առաջին պահպանողականն է, ով հայտարարել է պայքարին մասնակցելու մտադրության մասին: Թոմ Տուգենդհաթն ունի Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի քաղաքացիություն: Նա Գերագույն դատարանի դատավոր Մայքլ Տուգենդհաթի և նրա ֆրանսուհի կնոջ՝ Բլանդին դե Լուանի որդին է: Որպես զինվորական մասնակցել է իրաքյան և աֆղանական արշավներին և հասել փոխգնդապետի կոչման: