Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախյան պատերազմի մասնակից Դավիթ Ամալյանի «Շնորհակալ եմ» խորագրով մենահամերգը։
Համերգային երեկոյին՝ Դ. Ամալյանը հանդես է եկել իր հեղինակային մի շարք երգերով։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դ. Ամալյանն ասել է, որ ինքն ամեն անգամ մեծ սիրով ու հպարտությամբ է այցելում Արցախ։
«Համերգային ծրագրեր շատ եմ ունենում, բայց Արցախի հանդիսատեսի առաջ հանդես գալն ինձ համար ոգևորիչ է։ Այստեղի հանդիսատեսից նոր լիցքեր եմ ստանում, այստեղ՝ ինձ մոտ ծնվում են նոր գաղափարներ ու մտահղացումներ։ Ես սիրում եմ երգարվեստը, և իմ ամեն մի երգի մեջ խոսում եմ սիրելու մասին. սիրել ամեն ինչ։ Իմ բոլոր երգերի խոսքերի հեղինակը հենց ես եմ։ Իմ երգերն արտահայտում են իմ ապրումները՝ ուրախություն, տխրություն, ցավ, կարոտ և այլն»,-մասնավորապես ասել է երգիչը։
Խոսելով երգի ճիշտ մատուցման մասին՝ աղբյուրի զրուցակիցը նշել է, որ պարտադիր չէ, որ երգիչ -կատարողն ունենա լավագույն ձայնային տվյալներ. «Կարևորն այն է, որ երգը հասնի հանդիսատեսին ու սիրվի նրանց կողմից»։
Նա նաև տեղեկացրել է, որ իր համերգային ծրագիրը նախատեսում է շարունակել ՀՀ տարբեր մարզերում։