Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագծի հիմնադրույթները:
Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարական աշխատանքները համակարգող գերատեսչական հանձնախումբ, որն էլ անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում կներկայացնի կառավարության հաստատմանը:
ԱԽ քարտուղարը շեշտել է, որ նոր ռազմավարության հիմքում լինելու է մարտահրավերների դիմակայության սկզբունքը՝ հաշվի առնելով, որ գործող ռազմավարությունը մշակվել է 12 տարի առաջ, որից հետո տարածաշրջանում և աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, առաջ են եկել նոր մարտահրավերներ: