Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանը, անվտանգությանը և ժողովրդավարական արժեքներին սպառնացող լուրջ մարտահրավերների առջև։ Այս վճռորոշ պահին Եվրոպական միությունը պարտավոր է վճռականորեն գործել՝ աջակցելու Հայաստանին, խորացնելով նրա հետ կապերը և պաշտպանելով նրա իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Գզավիյե Բելյամին։
Բելյամին անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքներին, որոնք ուղղված են Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության անդամներին։ Նա քննադատել է Եվրոպական հանձնաժողովի պասիվ արձագանքը, որը սահմանափակվել է բարի կամքի բանակցությունների և հռետորաբանության մեղմման կոչով։ Ըստ Բելյամիի՝ հանձնաժողովի այս վարքագիծը պայմանավորված է Բաքվի հետ ստորագրված սկանդալային գազային պայմանագրերից կախվածությամբ, ինչը, նրա խոսքով, բացարձակ պատրանք է։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը Եվրոպայից ավելի կախված է, քան հակառակը։
Պատգամավորը շեշտել է, որ Հայաստանի անվտանգությունը ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական կարևոր հարց է, որը կապված է ժողովրդավարության և միջազգային իրավունքի պաշտպանության հետ։ Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է վերջապես համապատասխան գործողություններ իրականացնի՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու և Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու միջոցով։
Բելյամին առաջարկել է օգտվել Եվրոպական խաղաղության հիմնադրամի հնարավորություններից՝ Հայաստանին պաշտպանական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և անհրաժեշտ միջոցներ տրամադրելու համար։ Սա, ըստ նրա, ոչ միայն կուժեղացնի Հայաստանի անվտանգությունը, այլև կարտացոլի Եվրոպայի կարևոր աշխարհաքաղաքական ընտրությունը։
Չնայած ԵՄ անդամակցության հեռանկարը դեռևս հեռու է, Բելյամին ընդգծել է Հայաստանի և Եվրոպայի միջև գործնական կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Նա առանձնացրել է առևտրի, ավիացիայի և վիզաների ազատականացման ոլորտները՝ որպես անմիջական հնարավորություն կապերն խորացնելու համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական և անվտանգության ամրապնդումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի կայունության, այլև ապագա ագրեսիան կանխելու համար։
