Երկուսն էլ մշտապես աչքի են ընկել ճշմարտության դեմ հանդես գալով, բայց այս դեպքում թեման վերաբերում է մեր հանապազօրյա հացին։
«Մենք շարունակում ենք զարգացնել մեր փոխգործակցությունը Երևանի հետ թե՛ երկկողմանի, թե՛ Երևանի հետ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։ Մենք կշարունակենք դա անել։ Հաճախակի շփումներ են տեղի ունենում ամենաբարձր մակարդակով», – այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միաժամանակ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունը, թե իբր Հայաստանը ԵՄ միջոցների հաշվին պատրաստվում է հրաժարվել ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի՝ նա հարկ է համարել նշել, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում։
Դմիտրի Պեսկովի այն պնդումը, որ ՌԴ ԱԴԾ-ի հաղորդագրությունը հիմնավոր է, կոնկրետ պատասխանն է պաշտոնական Երեւանից հնչող հայտարարությունների։ Հարցն այն է, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր ՌԴ ԱԴԾ-ի տարածած հաղորդագրությանը։ «Չի կարող այդպիսի բան լինել, բացարձակ անհեթեթություն է»,- հայտարարել է Փաշինյանը՝ հերքելով ՌԴ ԱԴԾ-ի տեղեկությունը։
Ինչ պատկերի ականատեսն ենք մենք դառնում։ Մի հարցի շուրջ կան երկու հակադիր պնդումներ՝ արված պաշտոնական Երեւանի եւ պաշտոնական Մոսկվայի կողմից։ Հարցը շատ կոնկրետ է դրված՝ կամ անհեթեթություն է ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի Հայաստանի հրաժարվելու լուրը, կամ՝ ճշմարտություն։ Ուստի՝ կա՛մ Փաշինյանն է ստում, կա՛մ Պեսկովը։
Այն, որ վերջին տարիներին հայ-ռուսական պետական հարաբերությունները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում, նորություն չէ։ Եւ վերը բերված հակադիր պնդումների համատեքստում մեր աչքի առաջ է ելնում Պեսկովի այն խոսքը, որ Մոսկվան շարունակում է Երեւանի հետ զարգացնել փոխգործակցությունը՝ Հայաստան-Ռուսաստան ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։ Ինչ ինտեգրացիայի մասին է խոսում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, երբ այնպիսի փոխգործակցություն, ինչպիսին ռուսական ցորենի դեպի Հայաստան ներկրումն է, կասկածի տակ է դրվում հենց իր կողմից։
Բնականաբար, սա այն իրավիճակն է, երբ հնարավոր չէ պնդել, թե ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ Փաշինյանը։ Երկուսն էլ մշտապես աչքի են ընկել այդ հարցում։ Առավել հավանական է, որ երկուսն էլ ստում են և ճշմարտությունն այլ տեղում է։

