Սուդանում անվտանգության ուժերի կողմից բարձր դասարանի դպրոցականների սպանությունը մայրաքաղաք Խարթումում բողոքի ալիք է բարձրացրել: Անցած երկուշաբթի Հյուսիսային Կորդոֆան նահանգի կենտրոն Էլ-Օբեյդ քաղաքում մարդիկ փողոցներ էին դուրս եկել՝ բողոքելով հացի ու վառելիքի պակասից: Ցուցարարների դեմ անվտանգության ուժերը զենք են կիրառել, որի հետևանքով առնվազն 4 դպրոցական և մեկ չափահաս քաղաքացի է զոհվել:
Սուդանը կառավարող ռազմական խորհուրդը երեկ հայտարարություն է տարածել՝ անընդունելի համարելով ուժայինների գործողությունները և պահանջելով անհապաղ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Ընդդիմությունը զինվորականներին ու ռազմականացված խմբերին մեղադրել է դպրոցականների վրա կրակ բացելու համար և համազգային բողոքի կոչ արել:
Հուլիսի 30-ին հազարավոր մարդիկ դուրս են եկել Խարթումի փողոցներ: