Այս տարի Խաչվերաց տոնը կնշվի սեպտեմբերի 11-ին
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից է, նվիրվածգերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Հայ Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Այնուհետև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց:
Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13-ին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տոնը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Խաչվերացի տոնը կատարվում է մեծ հանդեսով: Երեկոյան մի ափսեի վրա բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով և վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու գավիթ և դրանով տյառնագրում աշխարհի չորս կողմերը: Այսօր ուրախանում է երկինքը, ցնծում երկիրը և պայծառանում մայր Եկեղեցին, քանզի քառաթև վայելչական պսակով զարդարեց իր գլուխը, որը սրսկված է Աստծու Որդու Արյամբ:
Աստվածային նշանը՝ տիեզերքի փրկագործ ու աշխարհակեցուցիչ Խաչը, կանգնեց տիեզերքի մեջ, ցոլացած բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա, արփիափայլ ճառագայթներով փայլեց Երուսաղեմում, ավելի պայծառ քան արեգակը, և տարածելով բոցաճաճանչ ճառագայթափայլ հրանյութ թևերը՝ լցրեց տիեզերքի բոլոր ոլորտները՝ իր ամենահաղթ ու պահապան զորությամբ ծածկելով բոլոր հեթանոսներին:
Նրա գերահրաշ և սոսկալի փառքից դողալով զարհուրեցին սանդարամետական զորքերի լեգեոնները, քանզի խաչի վրա բազկատարած բևեռված տեսան անմահ ու անժամանակ Աստծու Էակից Որդուն՝ ճշմարիտ մարդեղությամբ: Հրեշտակների սուրբ բանակներն ահով հիացած զարմանում էին, սերովբեները՝ սարսափում, գերագույն պետություններն ու վերին իշխանությունները՝ սքանչանալով զարմանում: Արեգակը տեսնելով իր Արարչի չարչարանքները՝ մթնեցրեց իր ոսկեճաճանչ ճառագայթները, լուսինը քողի տակ ծածկեց իր տեսքը, և աստղերի հրճվալի բազմությունն անհայտացավ: Կարծր և անտաշ վեմերը ճեղքվելով պատռվեցին, երկիրը դղրդաց, և աշխարհը ողբաց եբրայական ազգի վրա, քանզի աստվածամարտ եղան և չճանաչեցին Իսրայելի փրկությունը: Իսկ հավատացյալներին խաչով շնորհվեց զվարճատեսիլ տունկ և նշան փրկության, ճյուղ՝ լի բողբոջած ծաղիկներով ու անթառամ տերևներով, ծառ՝ հրաշափառ տեսքով և տունկ պարգևաբաշխ: Արմատ, որով Աստվածային սիրո շնորհն աշխարհում տարածվելով աղբյուրացավ:
Ճյուղ երևաց Երուսաղեմում, որը խաչի վրա պատարագվեց, և մարդկային քաղցած ցեղին հագեցրեց երկնքից իջած Հացով: Փրկության նշան երևաց, որը նախաստեղծներին պճնելով զարդարեց: Ծառ երևաց, որ փարթամացրեց մարդկային տնանկ ցեղը: Կենագործող շառավիղ երևաց, քանզի խաչի միջոցով Աստծու Իմաստության ծածկված գանձը տրվեց մարդկային ցեղին: Խաչը չորս տեսակի ծառերից կազմվեց, ինչպես ասում է Եսային. «Լիբանանի փառքը դեպի Քեզ է գալու՝ դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով, որպեսզի լիապես փառավորեն Իմ սրբարանի տեղը, և Ես փառավորեմ Իմ ոտքերի տեղը» (Եսայի Կ 13): Խաչը երկնքից իջած անմահացնող Հացի անպարտելի սեղանն է:
Խաչը Աստվածության անտանելի հուրն իր վրա կրելով, բացեց Դրախտի սերովբեափակ դուռը: Խաչը Եկեղեցու հիմքում հավատի վեմն է և տիեզերքի ամրության պարիսպը, որը քանդեց կուռքերի պաշտամունքը: Խաչին կաշկանդվելով կապվեց բանսարկուն, և ազատվեցին նրա կողմից բռնվածները: Խաչն է մեր պահապանը գիշեր ու ցերեկ և պահապանը՝ ողջերի և մեռելների:

