ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքների սպորտային ներուժին և ներկա գտնվելու Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Կապանի մարզադպրոցներ, Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց ու նրա Ագարակի մասնաճյուղ: Կարեն Գիլոյանը ծանոթացել է մարզական ենթակառուցվածքների պայմաններին, խնդիրներին, մարզիչների հետ քննարկել նրանց հուզող հարցերը, ներկայացրել ԿԳՄՍ նախարարության՝ ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները և հավաստիացրել, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը՝ արձանագրած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու համար:
Տարվա երիտասարդական մայրաքաղաք Կապանի քաղաքային մարզադաշտում ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին, որը կազմակերպել է Սյունիքի աթլետիկայի ֆեդերացիան՝ Կապանի համայնքապետարանի աջակցությամբ։ Հանրապետության քաղաքներից ու Արցախից ժամանած աթլետները մրցել են հեռացատկ և եռացատկ մրցաձևերում։
Կարեն Գիլոյանը, ողջունելով մրցաշարի կազմակերպիչներին և մասնակիցներին, խոսել է նմանօրինակ մրցումների կարևորությունից. «Հենց այսպիսի մրցաշարերն են տրամադրում ապագա հաղթանակների: Պետք է մշտապես հիշել սպորտի զարգացման գործում ներդրում ունեցող երախտավորներին և կրկնել նրանց գրանցած հաջողությունները: Կապանը հրաշալի մարզական ավանդույթներ ունի: Վստահ եմ, որ նմանատիպ մրցումները կնպաստեն հետագա վառ հաղթանակներին»:
Մալոյան եղբայրների հուշամրցաշարի կանանց հեռացատկում լավագույն արդյունքը գրանցել է Յանա Սարգսյանը (Կապան, 6 մ 19 սմ), իսկ տղամարդկանց հեռացատկում՝ Արտակ Համբարձումյանը (Երևան, 7 մ 46 սմ): Եռացատկի տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն է արժանացել Լևոն Աղասյանը. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած աթլետը գրանցել է 16 մ 76 սմ արդյունք, իսկ կանանց եռացատկում լավագույնը եղել է Յանա Սարգսյանը, ով գրանցելով 13 մ 25 սմ արդյունք՝ սահմանել է Հայաստանի ռեկորդ: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով և հավաստագրերով։
Մրցաշարին հետևել են Մալոյան եղբայրների զավակները, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ԿԳՄՍ նախարարության, Սյունիքի մարզպետարանի, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի աշխատակիցներ: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կապանի մշակույթի կենտրոնի, Արվեստի մանկական դպրոցի պարային խմբերի և Մարմնամարզության մանկապատանեկան դպրոցի սաները։