Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայում սպասվում են նախագահի ընտրություններ: Դրանք կայանալու են այս ամիս՝ հունվարին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Ղահրամանյանը նշեց, որ օրն ու վայրը դեռ պետք է հաստատվեն:
Նա նաև տեղեկացրեց, որ առայժմ 1 թեկնածու կա: Գործարար, նախկին թաեքվոնդոիստ Դավիթ Պողոսյանն է: Ղահրամանյանն ընդգծեց, որ նա որևէ կուսակցության անդամ չէ: Առայժմ ֆեդերացիայի նախագահը Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն է:
Թաեքվոնդոյի ֆեդերացիայում 2018-ի հոկտեմբերից խառը իրավիճակ է: Հոկտեմբերի 4-ին, մի քանի ծնողներ ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահության անդամ, Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանի հետ ակցիա էին իրականացրել «Դինամո» մարզահամալիրում:
Նրանք նշում էին, որ եղել են դեպքեր, երբ ֆեդերացիան ասել է՝ իրենց երեխաները պատրաստ չեն միջազգային մրցումներում ելույթ ունենալ, և ֆեդերացիան նրանց մասնակցության համար գումար չի կարող տրամադրել, քանի որ բյուջեն սահմանափակ է, ու պետք է մասնակցեն նրանք, ումից սպասելիքներ կան: Ծնողներն ասում էին, որ համաձայնել են իրենք ֆինանսավորել իրենց երեխաներին, սակայն հետագայում չգիտեն՝ ուր են գնացել իրենց փողերը:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանն էլ նշել էր, որ ֆեդերացիային ուղղված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:
2018-ի նոյեմբերին հայտնի արձավ, որ ֆեդերացիայում ֆինանսների հետ կապված հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
Հայտնում է armtimes.com-ը։