Թաիլանդի հարավի Յալլա նահանգի քրեական դատարանի ավագ դատավորը փորձել է ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում, երբ կարդացել է դատավճիռը, որի հետ ինքը համաձայն չի եղել: Այս մասին հայտնել է Thaiger լրատվական ինտերնետ-պորտալը:
Հաղորդագրությունում նշվում է, որ դատավորին արագ հասցրել են հիվանդանոց ու վիրահատել, և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին կայացած եզրափակիչ դատական նիստի ժամանակ, որտեղ քննվում էր հանցավոր հանրակցություն ստեղծելու և զենքի ապօրինի շրջանառության նպատակով նախահամաձայնության գործը, որով մեղադրանք էր ներկայացված հինգ անձի:
Դատավորը փորձել է ինքնասպանություն գործել, քանի որ դատարանի ղեկավարությունը չեղարկել է իր պատրաստած որոշումը, որն արդարացնում էր մեղադրյալներին, և այն փոխարինել նոր դատավճռով, որով մեղադրյալները ազատազրկման երկար ժամկետներ են ստանում:
Ինքնասպանության փորձ կատարած դատավորի խոսքով՝ գործում առկա ապացույցները հաստատում էին մեղադրյալների անմեղությունը, մինչդեռ նոր դատավճիռն անմեղ մարդկանց դատապարտում էր երկար տարիների բանտարկության: Այդ մասին դատավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում, նախքան կմտներ դատարանի դահլիճ և կընթերցեր դատավճիռը: