fbpx
Մշակույթ

Թանգարանների միջազգային օրը կմեկնարկի մայիսի 18֊ին

ՀՀ մշակույթի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների:
Այս միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:
Այս տարի Թանգարանների օրն անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո, որը մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը: Շարունակելով իրենց հիմնական առաքելությունը՝ այն է հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են որպես ակտիվ մշակութային հանգույցներ՝ դառնալով ավելի համայնքակենտրոն և ճկուն՝ արձագանքելով հասարակության լայն խմբերի հետաքրքրություններին, գլոբալ տնտեսաքաղաքական մարտահրավերներին և սոցիալական խնդիրներին։
Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է, որի վառ վկայությունը տարեցտարի ավելացող մասնակից թանգարանների և բազմահազար այցելուների թիվն է: Այս տարի էլ Հայաստանի և Արցախի թանգարաններն այցելուներին կներկայանան բազմաբովանդակ ծրագրերով՝ բացահայտելով նոր էջեր  հավաքածուների և պատմամշակութային հարուստ ժառանգության մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ