fbpx
Հասարակություն

Երեխաներիդ կերակրելու համար չպետք է թոռներիդ սպանես․ Թանկյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի խնդրին

Աշխարհահռչկամ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր աջակցությունն է հայտնել Ամուլսարի հանքի շահագործման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին: Այս մասին Սերժ Թանկյանը հայտնել տեսաուղերձում, որը հրապարակել է Հայկական բնապահպանական ճակատը:

«Մենք գիտենք, որ հանքերը հարատև վնաս են հասցնում բնական միջավայրին՝ անկախ նրանից, թե ինչ տիպի հանք է, որքան լավ է վերահսկվում հանքի գործունեությունը աղտոտիչների առումով: Այն, ամեն դեպքում, հարատև վնաս է հասցնելու բնական միջավայրին: Մանավանդ բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ և այլն», – ասել է Թանկյանը:

Նրա կարծիքով՝ ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ:

«Հանքերի ստեղծած վտանգը հարատև է, իսկ դրանց հակադրվող օգուտը, այն է՝ աշխատատեղերի ստեղծումը՝ ժամանակավոր, ինչը պատճառ է դարձել, որ մի շարք արդյունաբերական երկրներում հրաժարվեն հանքարդյունաբերությունից կամ էլ էականորեն կրճատեն շահագործվող հանքերի քանակը:

Բնիկ ամերիկացիներն ասում էին՝ երեխաներիդ կերակրելու համար չպետք է թոռներիդ սպանես: Այսինքն՝ կարճատև օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ: Սա է պատճառը, որ ես դեմ եմ հանքարդյունաբերությանն ընդհանրապես և Ջերմուկի մոտ «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործմանը՝ մասնավորապես»,- հավելել է երաժիշտը:

https://www.facebook.com/armecofront/videos/360397291369765/?v=360397291369765

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ