Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու քայլին: Միևնույն ժամանակ, վարչապետը տարօրինակ է համարում որոշ բարեկամ երկրների լռությունն այս առումով:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը: Պետք է արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը լիարժեք պաշտպանում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 14-ի ընդունված հայտարարությունը, որով փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը:
«Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող և անդամ երկրների կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Մեր դիվանագիտական ծառայությանը՝ Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարում եմ Հայաստանի Հանրապետության բարձրադիր օրենսդիր մարմնի այս ուղերձը արդյունավետ կերպով հասնել հասցեատերերին»,- եզրափակեց վարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական կապի մեջ է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ իրադարձությունների զարգացումը գնահատելու և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով: