Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 6-ին մասնակցել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կազմակերպած ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությանը կրոնական և ազգային փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայով։
Մրցանակաբաշխությանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Յուրաքանչյուր հասարակության զարգացման գրավականն է համերաշխությունը, որի ձևավորող տարրերից է հարգանքը կրոնների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Այս հարցերում տեղեկատվության պակասը ձևավորում է կարծրատիպեր, որոնք էլ առաջ են բերում անհանդուրժողականություն և, անգամ, ծայրահեղական դրսևորումներ:
Նման արատավոր երևույթների բացառման կարևոր միջոցներից են լրագրողական լուսաբանումներն այս թեմաների վերաբերյալ: Անհրաժեշտ է լրագրողական պրոֆեսիոնալ աշխատանքով մարդկանց շարունակաբար ճիշտ տեղեկություններ փոխանցել կրոնական և ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի մասին: Այս նուրբ ու զգայուն հարցերում լրագրողական աշխատանքը պետք է լինի միայն խրախուսելի»,- մրցանակ հանձնելիս ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը մրցանակաբաշխության ժամանակ նշել է, որ մրցույթը նպատակ ունի խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը։
Մրցանակաբաշխությունն իրականացվում է 2015 թվականից։