Տեղամասերում «Ոչ»-ն ունի 5, իսկ «Այո»-ն՝ 2 ներկայացուցիչ. ՀԱԿ-ը հանրաքվեի մասին

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարություն է տարածել։

Հայտարարությունում մասնավորապես անդրադարձ է կատարվում 2020-ի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպմանը։

«Հասարակական բուռն քննարկումների և դժգոհության առիթ է դարձել, մասնավորապես, որ ՏԸՀ կազմերը գերազանցապես համալրված են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության բազմաթիվ ծառայություններ մատուցած անձանցով:

Հայ Ազգային Կոնգրեսը կարծում է, որ նման իրողության գլխավոր պատճառը հետհեղափոխական ժամանակաշրջանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտների արմատական վերակառուցման գործում իշխանությունների դրսևորած դանդաղկոտությունն է, անհետևողականությունն ու անվճռականությունը։

2018-ի հունիսին կառավարության նախաձեռնած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձախողվել են, իսկ հետագայում, հակառակ 2018-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո խնդիրը արագորեն լուծելու խոստումների, չեն ստացել շարունակություն։ Չնայած 2018-ի օգոստոսին հանրաքվեի ինստիտուտի ուժեղացումը հռչակվել էր որպես հեղափոխության “երկրորդ ալիքի հիմնական նպատակ”, Հանրաքվեի մասին օրենքում 2018թ.-ի հոկտեմբերին կատարված փոփոխությունները կրեցին սոսկ կոսմետիկ բնույթ: Ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղումը, այդ թվում` ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգի և կազմերի փոփոխություններ չկատարելը, հանգեցրեցին անմխիթար իրավիճակի․ ժողովրդավարության պաշտպանության գործն ըստ էության հանձնված է նախկին ռեժիմի ընտրական հանցագործությունները սպասարկելու գործում  հմտացած տիգրանմուկուչյանական Կենտրոնական և Տարածքային ընտրական հանձնաժողովներում դեռ տարիներ առաջ նշանակված անձանց ձեռքը: Այդպես էլ չլուծվեցին ընտրական ցուցակները մաքրելու և բազմաթիվ ապացույցներով բացահայտված ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը։

Ընտրական հանձնաժողովներում սյսօր “ՈՉ”-ի ճամբարում միավորված և ընտրակեղծարարության գործում մասնագիտացած ուժերի ներկայացուցիչները ջախջախիչ առավելություն են ստացել ընտրակեղծարարության դեմ տասնյակ տարիներ պայքարած ուժերի ներկայացուցիչների նկատմամբ։ Այսինքն յուրաքանչյուր տեղամասում “ՈՉ”-ն ունի 5 ներկայացուցիչ, իսկ “ԱՅՈ”-ն՝  2: Իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում այն հանգամանքը, որ, ըստ տարբեր վերլուծաբանների գնահատականների, նախկինում ընտրակեղծարարությանն առնչված և այժմ ՏԸՀ կազմերում ընդգրկված ավելի քան 500 անձինք առաջադրվել են “ԱՅՈ”-ի շտաբի կողմից:

Կոնգրեսը` որպես “ԱՅՈ”-ի կողմնակից կուսակցություն, կոչ է անում “ԱՅՈ”-ի շտաբին, հասարակության մտահոգությունները փարատելու նպատակով, շտապ միջոցներ ձեռնարկել կազմակերպական բացթողումները շտկելու ուղղությամբ, հատուկ ուշադրության տակ պահելով տարածքային շտաբների գործունեությունը: Խնդիրն առավել քան լուրջ է, ինչը պահանջում է “ԱՅՈ”-ի  շտաբի և ԿԸՀ-ի գործուն միջամտությունը՝ ընտրական հանձնաժողովներում “ԱՅՈ”-ի և “ՈՉ”-ի հավասար ներկայացվածությունն ապահովելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Ամենաթարմ