Ամերիկյան Տեխասի նահանգի բնակչուհին վեց երեխա է ծննդաբերել 9 րոպեում: Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում The Woman՚s Hospital of Texas կլինիկայի էջից:
Երկու աղջիկներն ու չորս տղաները լույս աշխարհ են եկել տեղական ժամանակով առավոտյան 4:59-ին: Նորածինների քաշը կազմում է 800 գրամից մինչև 1300 գրամ: Նրանց մայրը՝ Թելմա Չիական, իրեն լավ է զգում, հավաստիացրել են բժիշկները:
Ինչպես հայտնի է դարձել Hindustantimes-ին, Չիական արդեն անուններ է ընտրել դուստրերի համար: Նա պլանավորում է նրանց անվանել Զինա և Զուրիել: Չորս որդիների համար անուններ կինը դեռ չի ընտրել: Տեխասի ծննդատան աշխատակիցները հիշեցրել են, որ միանգամից 6 երեխա ծնելու հավանականությունը մեկն է 4,7 միլիարդի նկատմամբ: