Երևանում Հոկտեմբերի 10-11-ը անցկացվում է «Գիտելիքի կառավարում» խորագրով միջոցառումը, որին մասնակցում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Միջոցառման ընթացքում Լոռու և Տավուշի մարզի համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկվել են ծրագրի աջակցությամբ համայնքներում ներդրված Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառման առկա իրավիճակը, ներկայացվել են մշտադիտարկման արդյունքները: Ներկաները վստահություն են հայտնել, որ այս և նմանօրինակ միջոցառումները հնարավորություն են ընձեռում համայնքների աշխատակիցների միջեւ իրականացնել փորձի փոխանակում, ինչը պայմաններ է ստեղծում համակարգի բարելավման վերաբերյալ առաջարկությունների քննարկման և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:
Միջոցառումը կայացել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագիրը իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ, Հայաստանում՝ Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համատեղ:
Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ պաշտոնական կայքից:
