fbpx
Մշակույթ

Տեղի ունեցավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմի պրեմիերան Բեյրութում

Հուլիսի 17-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկի փակ դիտումը: Ցուցադրությանը և քննարկմանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ։

Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես, լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ: «Այս նախաձեռնությունը նպատակ ունի սերունդների մեջ վառ պահել  երբեմնի հզոր և հպարտ թագավորության ժառանգները լինելու գաղափարը։ Կիլիկիայի պատմությունը ներկայացնող ժապավենը մեծ արձագանք կգտնի հատկապես լիբանանահայերի ու աշխարհասփյուռ հայերի շրջանում, քանի որ նրանց մեծամասնությունն իր արմատներով հենց այնտեղից է սերում։ Կիլիկիո դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են «ԳՈՀԱՐ»-ի համերգների ժամանակ բազմահազար հանդիսատեսի կողմից, այժմ ծածանվելու են էկրանից այն կողմ՝ պատմական հերոսների ձեռքերում»,- ասաց Հարութ Խաչատուրյանը։

Երեք ֆիլմ-ակնարկն ամփոփ, գեղարվեստական մոտեցմամբ, հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական դինաստիաների երեք հարյուր ամյա պատմությանը:

«Ֆիլմ-ակնարկների արտադրական ընթացքը թե՛ ժամանակացույցի, թե՛ ծավալի տեսանկյունից համապատասխանում է լիամետրաժ ֆիլմ ստեղծելու գործընթացին։ Մեր նպատակն էր ստեղծել բարձր որակային չափանիշներին համապատասխ կինոժապավեն, որը կհավակնի  իր խոսքն ասել ժամանակակից պատմական համաշխարհային ֆիլմարտադրության ասպարեզում և Հայաստանը ճանաչելի կդարձնի՝ որպես այս ոլորտում զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր։ Բոլոր նկարահանումները կատարվել են Հայաստանում, սկսած մասշտաբային մարտի տեսարաններից մինչև ծովամարտ, որի նկարահանումները իրականացրել ենք հենց «Կիլիկիա» նավի վրա։ Ժապավենը հագեցած է հարուստ վիզուալ լուծումներով և համակարգչային գրաֆիկայով»,- ասաց ռեժիսորը՝ Աշոտ Առաքելյանը։

Ըստ հեղինակների՝ ֆիլմ-ակնարկներում առավելագույնս պահպանված է պատմական հավաստիությունը, սակայն թեմայի մատուցման գեղարվեստական և դրամատուրգիական մասն ապահովելու նպատակով  կան պատմական դրվագներ, որոնք ներկայացվել են ռեժիսորի յուրահատուկ ստեղծագործ մոտեցմամբ: Դերասանական կազմն ընտրելիս առաջնային պայման է եղել ոչ թե հայտնի դերասանների մասնակցությունը, այլ պրոֆեսիոնալ և խարիզմատիկ կերպարների ներգրավումը։ Ֆիլմ–ակնարկները նկարահանելիս ստեղծագործական թիմն օգտվել է արխիվներում եղած պատմական նյութերից,  համագործակցել պատմաբանի հետ։ Ստեղծագործական թիմը ձգտել է հնարավորինս ճշգրիտ պահպանել և հանդիսականին փոխանցել տվյալ ժամանակաշրջանի շունչը: Ֆիլմ-ակնարկների համար հատուկ երաժշտություն է գրվել, որը ձայնագրվել է «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի  և երգչախմբի կատարմամբ:

Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործի գահակալումը:

Երկրորդ ֆիլմ-ակնարկն արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։

Երրորդը  ներկայացնում է 1219-1375 թթ․ պատմությունը՝ Լևոն III-ի գահակալման տարիները,  չորս  կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, որի հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։

Առաջիկայում  ֆիլմ-ակնարկների պրեմիերան տեղի կունենա նաև Հայաստանում։

Աղբյուրը՝ tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ