Անագե տոկուն զինվորիկը Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի էկրանավորումն է (1976 թ.)։ Այս 17 րոպեանոց մուլտֆիլմը գեղեցիկ և տխուր սիրո պատմություն է, որը պատմում է միոտանի զինվորիկի մասին, ով սիրահարվում է մի բալետի պարուհու և չնայած բոլոր բարդություններին՝ լինում է նրա հետ։
Մուլտֆիլմը սկսվում և ավարտվում է նույն տեսարանով։ Գրողը՝ նստած իր սեղանի մոտ, գրում է հեքիաթն ու կարդում այն հանդիսատեսի համար։
Միոտանի անագե զինվորիկը գիշերը մնում է հսկելու տարածքը և իր տխուր երգը երգելով՝ հետևում է, թե ինչպես է գեղեցիկ բալերինան պարում։ Պարուհին էլ է նկատում զինվորիկին և երկուսն էլ սիրահարվում են միմյանց։
Բայց նրանց սիրո ճանապարհին հանդիպում են շատ խոչընդոտներ։ Խոչընդոտների հեղինակը փոքրիկ դևն է, ով չի ցանկանում, որ այդ երկուսը միասին լինեն։ Զինվորիկը՝ լինելով տոկուն և համառ, ուշադրություն չի դարձնում այդ ամենին և գնում է իր սիրո հետևից։ Տեսնելով այդ ամենը՝ դևը փորձում է վախեցնել պարուհուն, բայց զինվորիկն արիաբար պաշտպանում է աղջկան։
Դևը որոշում է վրեժխնդիր լինել՝ զինվորիկին հասցնելով պատուհանի մոտ և գցելով ներքև։
Դրսում անձրև է տեղում։ Զինվորիկը բարձրանում է թղթե նավակի վրա, լողում կոյուղու միջով և հայտնվում ջրի հատակին։ Այնտեղ նրան կուլ է տալիս ձուկը։ Ձկանը որսում են, և նա հայտնվում է այն նույն տանը, որտեղ և սկսվել էին զինվորիկի արկածները։
Հայտնվելով բուխարու վրա՝ զինվորիկը տեսնում է պարուհուն և որոշում իջնել նրա մոտ, բայց վրեժխնդիր դևը նրա ոտքի տակ է նետում շղթայով մի սև սիրտ։ Բուխարոուց պոկվում է այն կտորը, որի վրա կանգնած էր զինվորիկը, և վերջինս ընկնում է ուղիղ կրակի մեջ։
Տեսնելով դա պարուհին՝ ցանկաում է նետվել նրա մոտ, բայց զինվորիկը փորձում է նրան հակառակը համոզել։ Նա սկսում է երգել մի շատ հուզիչ երգ՝ «Да, любимая, да…», որը լիովին նկարագրում է ամենի մթնոլորտը և յուրահատուկ թախիծ փոխանցում դիտորդին։ Բայց պարուհին միևնույն է նետվում է նրա գիրկն ու այրվում նրա հետ միասին։
Այս հեքիաթային մուլտֆիլմը սիրո և երբեք չհանձնվելու մասին է։ Այն ցույց է տալիս, որ պետք է կարողանալ հաղթահարել կյանքի դժվարությունները և միշտ առաջ գնալ։
Աննա Մարտիրոսյան
