Մերիլենդ նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ կիրակի օրը վաղ առավոտյան Բոուի քաղաքի մերձակայքում հայտնաբերվել է մասնավոր ինքնաթիռի բեկորները, որը վթարի էր ենթարկվել անտառային գոտում։ Piper Cherokee մոդելի միաշարժիչ ինքնաթիռում գտնվող երեք տղամարդիկ զոհվել են։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ինքնաթիռը շաբաթ օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, օդ է բարձրացել Նյու Ջերսիի Օուշեն Սիթիից և ուղևորվել դեպի Մերիլենդի Մոնտգոմերի շրջանի օդանավակայան։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ ինքնաթիռը պատկանել է տեղի թռիչքային դպրոցին և, ըստ նախնական վարկածի, իրականացնում էր ուսումնական թռիչք։
Վթարի մասին տեղեկությունը ստացվել է iPhone-ի ավտոմատ ազդանշանային համակարգի միջոցով՝ թռիչքից մոտ 15 րոպե անց։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ինքնաթիռը հայտնաբերվել է 50 և 301 երթուղիների հատման կետի մոտակայքում՝ բնակելի տարածքին մոտ գտնվող անտառում։ Գետնի վրա տուժածներ չկան։
Զոհվածների անունները չեն հրապարակվում՝ մինչև հարազատներին տեղեկացնելը։ Միջադեպի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն են սկսել ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) և Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA)։

