Սեպտեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Ղազախստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, որի հետ ունենք պատմական և բարեկամական հարաբերություններ: Նա հավելել է, որ բարձր մակարդակում պաշտոնական հանդիպումները նոր ազդակներ են հաղորդում երկկողմ փոխգործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բերդիբեկ Սապարբաևն ասել է, որ հայ-ղազախական հարաբերություններ լավ զարգացում են ապրում և նշել, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի 20-ամյակը:
Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին և պայմանավորվել են նոր ուղիներ փնտրել առևտրատնտեսական համագործակցությունն ակտիվացնելու համար:
Ղազախստանի փոխվարչապետն ընդգծել է, որ մեծ նշանակություն են տալիս կրթության զարգացմանը: Նա ասել է, որ հետաքրքրված են Թումո նորարարական կրթական ծրագրով ու մտադրություն ունեն Թումո կենտրոն ստեղծել նաև Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:
Բերդիբեկ Սապարբաևը կարևորել է նաև թվայնացման ոլորտում Հայաստանի ունեցած փորձի ուսումնասիրությունը: Այս առումով Տիգրան Ավինյանը կարևորել է ղազախական կողմի մասնակցությունը Երևանում անցակացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, որը լավ հնարավորություն կդառնա ոլորտում համագործակցության ուղիներ հարթելու համար:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից: