TikTok-ը որպես ժամանակակից տեղեկատվական միջավայրի ամենաազդեցիկ հարթակներից մեկը

Հրապարակող՝

trunyan

Ամենադիտվածներ

TikTok-ը լռելյայն դարձել է ժամանակակից տեղեկատվական միջավայրի ամենաազդեցիկ հարթակներից մեկը։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ այն քարոզում է որոշակի գաղափարախոսություն, այլ որովհետև համակարգված կերպով առաջնահերթությունը տալիս է հուզական ներգրավվածությանը։ Հարթակն ավելին է, քան պարզապես ժամանցի կամ մշակութային միտումների վայր. այն գործում է որպես ալգորիթմական միջավայր, որն ուժգնացնում է աֆեկտիվ արձագանքները՝ բազմակի ներազդեցության և հետադարձ կապի միջոցով։

Համաձայն վերջին հետազոտության՝ այս հարթակը ոչ թե գաղափարախոսական ներշնչանքի գործիք է, այլ մեր զգացմունքների հզոր «ալգորիթմական կոնդիցիոներ»։

Օգտատերերի վարքագծի վերլուծությունը (ԱՄՆ ուսանողների՝ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության նկատմամբ արձագանքի օրինակով) բացահայտել է մի զարմանալի երևույթ՝ «հուզական նախահարթեցում» (emotional pre-alignment)։ TikTok-ը չի ստիպում մարդուն փոխել քաղաքական հայացքները։ Փոխարենը, այն ձևավորում է հուզական ֆոնը՝ բարկություն, կարեկցանք կամ տագնապ՝ դեռ նախքան օգտատերը կձևավորի գիտակցված կարծիք իրադարձության վերաբերյալ։

Ինչպե՞ս է դա աշխատում տեխնիկապես

Միկրո-ազդանշաններ. Ալգորիթմը հետևում է յուրաքանչյուր շարժմանը՝ կրկնակի դիտումներին, հավանումներին և մեկնաբանություններին, որպեսզի ակնթարթորեն հարմարեցնի լրահոսը ձեր հուզական վիճակին։

Հուզական հանգույցներ. Համակարգը ոչ միայն բովանդակություն է ցուցադրում, այլև ուժգնացնում է որոշակի արձագանքներ՝ ստեղծելով «հուզականորեն համասեռ» լրահոսեր։

Արագությունն ընդդեմ համատեքստի. Հուզականորեն լիցքավորված հոլովակները տարածվում են ժամերի ընթացքում՝ սահմանելով «բարոյական նարատիվներ» դեռ նախքան պրոֆեսիոնալ լրագրողները կհասցնեն ստուգել փաստերը։

Ավանդական հետախուզությունը և անվտանգության համակարգերը սովոր են փնտրել «գաղափարախոսական ազդանշաններ» (արմատականացման կոչեր, հավաքագրում)։ Սակայն նոր քարոզչությունը թաքնված է ավելի խորքում։ Այն շահագործում է ներգրավվածության ճարտարապետությունը. երբ լսարանն արդեն հուզականորեն «շիկացած» է զոհաբերության կամ անարդարության կերպարների միջոցով, այն դառնում է շատ ավելի ընկալունակ հետագա մանիպուլյացիաների և նպատակաուղղված ազդեցության նկատմամբ։

Միայն փաստերի ստուգումն (fact-checking) այլևս բավարար չէ։ Մեզ անհրաժեշտ է «հուզական գրագիտություն»։ Կարևոր է հասկանալ ոչ միայն այն, թե ինչ են մեզ ասում, այլև այն, թե ինչպես են ալգորիթմները ստիպում մեզ զգալ։

Թվային դիմակայունության ամրապնդումն այսօր սեփական վրդովմունքը կամ կարեկցանքը ժամանակին նկատելու ունակությունն է, երբ դրանք դառնում են հարթակի մաթեմատիկական հաշվարկի արդյունք։

Հայկ Տրունյան

Ամենաթարմ