Իրավական

Տպավորություն է, որ դատախազությունը պաշտպանում է «Ֆրեզեն» ընկերության շահերը․ Սանասարյան

Տպավորություն է, որ Դատախազությունը ոչ թե պետական շահ է պաշտպանում, այլ պաշտպանում է «Ֆրեզեն» ընկերության շահը։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննության ժամանակ հայտարարեց Սանասարյանը։

«Գնումների մասին օրենքը հստակ ասում է, որ չպետք է այնպիսի չափորոշիչներ ներկայացնեք, որը թույլ չի տա իրականացնել օրենքի պահանջները։ Այդ կազմակերպությանը պետությունը տարիներ շարունակ տվել է մենաշնորհ։ Պետությունն այդ կազմակերպությանը սարք է նվեր տվել, որի արդյունքում էլ այդ կազմակերպությանն ասել է՝ պայմանավորվել է պետության հետ, որն օրինական չէ, և տարիներ շարունակ առանց Գնումների մասին օրենքի պահանջները կատարելու, այնպիսի տեխնիկական բնութագրում է նշված, որ այլ կազմակերպություններ չեն կարող մասնակցել այդ գնումների գործընթացին։ Ինձ մոտ տպավորություն է, որ դատախազը «Ֆրեզեն» ընկերության ներկայացուցիչն է»,-ասաց Դավիթ Սանասարյանը։

Դատավորն էլ դիտողություն արեց Դավիթ Սանասարյանին նշելով, որ ճիշտ չէ դատախազին այդպիսի որակում տալը։

Գործով առկա ապացույցների հետազոտմանը նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հայտարարեց, որ «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են կեղծ սերտիֆիկատներ, փաստաթղթեր, որոնք հաստատում են տվյալ սարքավորումների ծագումնաբանությունը և այլն։

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Աղբյուրը՝ News.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ