Պենտագոնը սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Saudi Aramco սաուդյան ընկերության նավթային օբյեկտների վրա գրոհներին պատասխանի մի քանի տարբերակ, որոնց հետևում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած է Իրանը: Այս մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանց տեղեկատվության համաձայն, Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհրդի խորհրդակցության ժամանակ Պենտագոնի ներկայացուցիչները կնշեն Իրանի այն թիրախների ցուցակը, որոնց կարող են հարվածներ հասցվել օդից: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է AP-ն, նրանք մտադիր են Միացյալ Նահանգների ղեկավարի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Թեհրանի նկատմամբ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի:
Թրամփն ինքը սեպտեմբերի 18-ին Սան Դիեգոյում (Կալիֆոռնիայի նահանգ), պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ պատերազմ չի ցանկանում: Միևնույն ժամանակ ավելի ուշ նա հնարավոր է համարել, որ իրադրությունը չկարգավորվի խաղաղ ճանապարհով: