ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միանգամայն հավանական է, որ իր ռուս պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին որպես հյուր հրավիրի ներկա գտնվելու «Մեծ յոթնյակի» (G7) հաջորդ գագաթնաժողովին: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Թրամփի խոսքով՝ G7-ի անդամ երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի հարցը, սակայն խոստովանել է, որ չգիտի՝ արդյոք Մոսկվան խմբի կազմ կվերադառնա, թե ոչ:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը համաձայնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին 2020թ.-ին G7-ի՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթնաժողովին հրավիրելու առաջարկը:
Նշենք, որ «Մեծ յոթնյակը» տնտեսապես զարգացած երկրների միավորում է, որի կազմի մեջ մտնում են Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Ճապոնիան: Խումբը յոթնյակի ձևաչափով գործել է 1976-1997թթ.: Ռուսաստանի անդամակցությունից հետո այն վերանվանվել է «Մեծ ութնյակ»:
2014թ.-ի մարտին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և այդ առնչությամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին խմբի անդամները բացառել էին Ռուսաստանի անդամակցությունը և վերադարձել G7 ձևաչափին: