ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է անհապաղ սկսել ԱՄՆ Սենատում իր իմպիչմենթի վերաբերյալ գործով դատաքննությունը:
Նա հայտնել է, որ դեմոկրատները ցանկանում են Սենատին թելադրել, թե ինչպես վարեն դատավարությունը այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատում Թրամփի համար չեն ապահովել պատշաճ գործընթաց՝ առանց վկաների և փաստաբանի:
«Իրականում դեմոկրատները ոչ մի ապացույց չունեն, չեն էլ ունենա երբեք: Նրանք ցանկանում են մի կողմ քաշվել: Ես անհապաղ դատ եմ պահանջում»,- Twitter-ի իր էջում նշել է ԱՄՆ նախագահը:
Թրամփն ավելի ուշ հավելել է, որ դեմոկրատներին չի հաջողվել իմպիչմենթի հարցում հասնել հանրապետականների և ոչ մի ձայնի: Նա գործը միստիֆիկացիա է անվանել և հայտարարել, որ դեմոկրատների գործերն այնքան վատ են, որ անգամ չեն ցանկանում դատարան գնալ:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 19-ին քվեարկել էր նախագահ Թրամփի իմպիչմենթի օգտին: «Լիզորությունների գերազանցում» հոդվածով իմպիչմենթին կողմ էր քվեարկել 230 օրենսդիր, դեմ՝ 197: