ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ իմիգրացիոն և մաքսային ոստիկանություններն սկսելու են միլիոնավոր ապօրինի միգրանտների արտաքսման գործընթացը։
«Հաջորդ շաբաթ իմիգրացիոն և մաքսային ոստիկանությունները կսկսեն միլիոնավոր միգրանտների արտաքսման գործընթացը, որոնք ապօրինաբար թափանցել են Միացյալ Նահանգներ։ Նրանք կարտաքսվեն որքան հնարավոր է շուտ։ Մեքսիկան, կիրառելով իր խիստ իմիգրացիոն օրենքները, հիանալի աշխատանք է կատարում մարդկանց կալանման գործում…»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ, համաձայն ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության, Մեքսիկան պարտավորվել էր կրճատել անլեգալ միգրանտների հոսքն իր սահմաններին՝ խուսափելու համար ԱՄՆ մաքսատուրքերից։ Արդյունքում՝ Մեքսիկան խստացրել է սահմանապահ հսկողությունը։ Երկրի տարածքում պարբերաբար կալանում են հարյուրավոր անլեգալ ներգաղթյալների։