fbpx
Սպորտ

Տրանսֆերային անցուդարձ․ Ինտեր

«Ինտերն» այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ արդեն ձևակերպել է մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերներ։ Այժմ ակումբի համար առաջնային նպատակն է պաշտպանութունն ուժեղացնելը։

Միլանյան ակումբը ֆավորիտ է «Ռենի» հետ մրցավազքում «Վերոնայի» պաշտպան Խուան Կաբալին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ինսայդերի տեղեկություններով՝ դեղին-կապույտները 23-ամյա կոլումբիացու համար պահանջում են 10 մլն եվրո։ Կաբալը, ով հանդես է գալիս ինչպես ձախ, այնպես էլ կենտրոնական պաշտպանի դիրքում, «Վերոնա» է տեղափոխվել «Ատլետիկո Նասիոնալից» 2022 թվականի ամռանը՝ 3,5 միլիոն եվրոյի դիմաց։

Մյունխենի «Բավարիայի» հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն ևս կարող է համալրել Միլանի «Ինտերի» շարքերը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Միլանյան ակումբը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին։

«Ինտերը» պատրաստվում է ձևակերպել նաև շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի տրանսֆերը, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։ Հաղորդվում է, որ Ռոդրիգեսը մեկ տարվա պայմանագիր կստորագրի «Ինտերի» հետ և կմիանա ակումբին ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ հունիսի վերջին ավարտվել է «Տորինոյի» հետ պայմանագրի ժամկետը:

Ինչ վերաբերում է արդեն կայացած տրանսֆերներին, ապա պորտուգալական «Պորտուի» արդեն նախկին իրանցի հարձակվող Մեհդի Տարեմին ազատ գործակալի կարգավիճակով օրերս տեղափոխվել է «Ինտեր»։

«Ջենոայի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը ևս դարձել է «Ինտերի» ֆուտբոլիստ։«Ինտերը» իսպանացու տրանսֆերի համար կվճարի մոտ 15 մլն եվրո։ Մարտինեսը «Ջենոայում» հանդես է եկել 2022 թվականի ամառից։

Ավելի վաղ «Ինտերը» հայտարարել էր «Նապոլիի» նախկին կիսապաշտպան Պյոտր Զիելինսկու հետ պայմանագիր կնքելու մասին։ 30-ամյա լեհ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Զիելինսկին միլանյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվել էր հուլիսի սկզբին։ Զիելինսկին «Նապոլիում» հանդես է եկել 2016 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 364 հանդիպում, դարձել 51 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ